«Ուրախ եմ հենց այս ժամանակահատվածում ձեզ հանդիպելու Հայաստանում, երբ քաղաքական կարևոր որոշումներ են կայացվում, երկրի զարգացմանն ուղղված ծրագրեր են մշակվում, այդ թվում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում։ Կառավարության հնգամյա ծրագիրն արդեն հաստատվել է, և մենք բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով այժմ աշխատում ենք մեր ռազմավարությունների վրա»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի տարածաշրջանային համակարգող Ֆելիքս Հեթի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը խոսել է զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ կարևորելով համագործակցությունը Աշխատանքի միջազգային կազմակերպության և ոլորտում գործող տարբեր փորձագիտական կառույցների հետ. «Զբաղվածության ոլորտում մենք իսկապես շատ լուրջ, նաև հեղափոխական անելիքներ ունենք, որովհետև բացի ռազմավարությունից, կառավարության հետ աշխատում ենք «Աշխատի՛ր, Հայաստանի» շրջանակում, նաև ԱՄԿ-ի հետ մշակել ենք «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը։ Այսինքն՝ բավականին ծրագրեր, ռազմավարություններ արդեն կան, որոնք պետք է համահունչ լինեն և լրացնեն մեկը մյուսին»,- ասել է Զարուհի Բաթոյանը։
Ֆելիքս Հեթը ամփոփ ներկայացրել է հիմնադրամի լայնամասշտաբ գործունեությունը՝ հայտնելով, որ պատրաստ են աջակցել և իրենց աշխատանքային արդյունավետ փորձը կիրառել նաև Հայաստանում. «Ես մշտապես փորձում եմ խթանել փորձի փոխանակումը Հայաստանի և Վրաստանի միջև, որովհետև այս երկու երկրների համար եմ պատասխանատու։ Մենք այժմ աշխատում ենք Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ՝ զբաղվածության ոլորտին առնչվող նախագծի վրա»,- ասել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցիչը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման խնդիրը.
«Այժմ ոլորտի օրենսդրությունն ենք վերանայում, հանրային քննարկումներ են լինելու աշխատանքային օրենսդրության վերաբերյալ, և էական ենք համարում աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովումը Հայաստանում, որովհետև այս իմաստով շատ լուրջ բացեր կան։ Այս գործընթացներում կարևորում ենք սոցիալական գործընկերների մասնակցությունը՝ արհմիությունների և գործատուների միությունների հետ աշխատանքի միջոցով»,- ասել է նախարարը։