0
104

Հատուկ ուշադրություն` հատուկ հաստատություններին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը:

Օրակարգում կար 2 հարց. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության և գիտության նախարարների`  <Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագիրը հաստատելու մասին> համատեղ հրամանի նախագծի ներկայացում, ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԿԳՆ և <Վորլդ Վիժն> միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ներկայացում:

Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկան ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լ. Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Տիկին Ղազարյանը ներկայացրեց երկու նախարարությունների համաատեղ աշխատանքային խմբի կողմից կատարված` 23 հատուկ հանրակարթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքների ուսումնասիրությունների արդյունքները:

Հաստատություններից 10-ը գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության, 3-ը Երևանի քաղաքապետարանի և 10-ը` ՀՀ մարզպետարանների ենթակայութան տակ: Նրանցից 16-ը նախատեսված է մտավոր խնդիր, 3-ը` տեսողության խանգարումներ ունեցող, 2-ը լսողության ծանր խանգարումներ ունեցող, մեկը` հենաշարժական խնդիր, մեկը` հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար:

Ուսումնասիրություններն իրականացվել են երեխաների սոցիալական և կրթական կարիքների գնահատման հարցաշարերով: Ուսումնասիրվել են հաստատությունների շենքային պայմանները, սովորող բոլոր երեխաների գործերը: Հաստատություններում սովորում է 2149 երեխա,  որից 1379-ը գիշերող են: Ուսոմնասիրողների կարծիքով երեխաներից 752–ն  ունեն վերագնահատման կարիք: Մանրամասների մեջ չխորանալով նշենք, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների գնահատման գործում հանձնաժողովն արձանագրել է թերություններ, որոնց հիմնական պատճառը գնահատման կենտրոնների կողմից օգտագործվող ոչ լիարժեք գործիքակազմն ու անկատար չափորոշիչներն են,  ինչի հետևանքով  առողջ կամ վարքի թեթև շեղումներ ունեցող երեխաները հայտնվել են հատուկ դպրոցում: Արձանագրվել է, որ վերագնահատման կարիք ունեցող երեխաների մի մասն ունի գիշերօթիկ խնամքի կարիք, իսկ մյուս մասի ընտանիքներին աջակցելու դեպքում հնարավոր է երեխաներին վերադարձնել ընտանիք:

Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց “Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագիրը” հաստատելու մասին երկու նախարարների համատեղ հրամանի նախագիծը: Ծրագրով նախատեսված են բազմաբնույթ գործողություններ, մասնավորապես` լրամշակել հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելության կարգը, 2013թ. մայիսին ՀՀ կառավարություն ներկայացնել “Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգի բարեփոխման ծրագիրը”: Հատուկ ուշադրություն է դարձվելու հաստատությունների հիմնանորոգմանը, մասնագետների վերապատրաստմանը, մոնիթորինգի և հաշվետվությունների ներկայացմանը և այլն:

Քննարկման արդյունքում որոշվեց լրամշակել գործողությունների ծրագիրը` ներառելով նաև նիստի ընթացքում հնչած մի քանի առաջարկություններ:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցեց “Վորլդ Վիժն” միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երեխայի բարեկեցության շահերի պաշտպանության պատասխանատու Գ. Գրիգորյանցը: Երկու նախարարությունների և կազմակերպության միջև կնքվելիք հուշագրով նախատեսվում է 5 հատուկ դպրոցներում (400 երեխա) կատարել խորքային ուսումնասիրություններ` պարզելու այդ դպրոցներում երեխաների հայտնվելու պատճառները, որից հետո աշխատանքային խումբը քարտեզագրելու է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր մարմինների աշխատանքը: Կազմակերպությունն օժանդակելու է նաև վերը նշված գործողությունների ծրագրի մի շարք կետերի իրականացմանը և այլն:

Մոտ ապագայում տեղի կունենա Հուշագրի ստորագրման արարողությունը: