Նոր ծրագրեր հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար

0
74

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները կսերտացնեն համագործակցությունը` հատուկ կարիքներ ունեցող երեխաների սոցիալական պաշտպանությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Հուլիսի 20-ին նշված գերատեսչությունների ղեկավարներ Արմեն Աշոտյանն ու Արտեմ Ասատրյանը ստորագրեցին համատեղ հրաման` “Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագրի” վերաբերյալ: Ըստ այդմ` 2012-13 թթ. նախատեսվում է  իրականացնել մի շարք համատեղ գործողություններ:

Ինչպես նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի  հատուկ կարիքներ ունեցող երեխաներին լավագույնս ինտեգրել հասարակությանը, ապահովել սոցիալիզացման բարձր աստիճան: “Սա յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագա տարիներին համատեղ իրականացվելիք աշխատանքների համար”,- ասաց նա:

Աշոտյանը հավելեց, որ յուրաքանչյուր դպրոց պետք է պատրաստ լինի մատուցել ներառական կրթություն, իսկ շենքային պայմանները դրան համապատասխանեցնելու հարցում ֆինանսական միջոցներ հաստատ կգտնվեն:

Նախարարի տեղեկացմամբ` ծրագրի շրջանակներում կլրամշակվի նաև “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը”: Հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր տիպ կունենա ընդունելության իր չափանիշերը: Մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների կառաջարկվի վերակազմակերպվել որպես հատուկ դպրոց-կենտրոններ և այլընտրանքային ծառայություններ իրականացնող հաստատություններ: Հատուկ դպրոց-կենտրոնները կկազմակերպեն նախադպրոցական կրթություն և կհանդիսանան մեթոդաբանական և ծրագրերի մշակման ռեսուրս-կենտրոններ ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար:

Կիրականացվեն նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ: Կփոխվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափաքանակները, կմշակվեն մեխանիզմներ կարիքների ամրագրման համար:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ երեխաների պաշտպանությունը միշտ մնում է նախարարության գերակա խնդիրը: “Սա աշխատանքների նոր սկիզբ է, նոր փուլ և նոր էջ, որի միջոցով կապահովվի երեխաների պաշտպանության բարձր մակարդակ”,- ասաց նա: Նախատեսվում է հաստատությունների մասնագետների վերապատրաստում, կառավարման տեղեկատվական ներդրում:

SHARE
Previous article
Next article