«Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ մեծածավալ աշխատանքի կարիք կա: Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին՝ միջգերատեսչական համագործակցությունը, քանի որ սա չի կարող լինել միայն մեկ պետական կառույցի խնդիր: Չկա մի երկիր, չկա հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող լուծել այս խնդիրը՝ աչք փակելով դրա վրա»,- այս մասին Երևանում մեկնարկած «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» ազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նախարարի՝ կարևոր է նաև պետական աջակցության ավելացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև՝ կանխարգելման ծրագրերի իրականացման առումով: Զ. Բաթոյանը նշել է, որ շատ կարևոր են օրենսդրական ոլորտի բարեփոխումները, որոնք պետք է լինեն միջազգային ստանդարտներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխան. «Շատ կարևոր է մարտահրավերները ճիշտ նշելը, դրանք հատկորոշելը: Մեզ համար շատ կարևոր է երջանիկ անհատ, ընտանիք և համերաշխ հանրություն ունենալը, որովհետև այլ կերպ մենք չենք կարող նպաստել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին»:
Համաժողովը, որ կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին և բացերին, ինչպես նաև՝ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը.
«Շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն»,- այս մասին համաժողովի բացման խոսքում ասել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ավելացրել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան (գենդերային) բռնության դեմ պայքարի առանձին ռազմավարություն/գործողությունների ծրագիր մշակելու մտադրությունը:
Նշենք, որ փետրվար ամսից գործող պետական 6 ճգնաժամանային կենտրոնները մինչ օրս աջակցություն են ցուցաբերել ընտանեկան բռնության 180 դեպքով, որոնցից միայն 2-ն է ուղղորդվել մարզպետարանների համապատասխան բաժինների կողմից, մյուսները՝ ոստիկանության: Եռամսյա վիճակագրությունը ցույց է տալիս, որ աջակցության զգալի մասը ցուցաբերվել է ֆիզիկական բռնության դեպքերով, միայն մեկ դեպք է եղել անտեսման հիմքով, ինչը հուշում է, որ պետք է առավել զգայուն լինել ընտանեկան բռնության մյուս ձևերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։