ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հանդիպել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկման ընթացքում հիմնականում խոսել են սոցիալական ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող խնդիրների մասին: Պարոն Ուդումյանն ընդգծել է, որ ոլորտն ունի օրենսդրական նոր լուծումների, հստակեցման ու պարզեցման կարիք: Անձն, ով նպատակ ունի իրականացնել նմանատիպ գործունեություն, պետք է պաշտպանված լինի օրենսդրությամբ, իմանա իր անելիքներն ու պարտականությունները, հնարավորություններն ու արգելքները:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն արդիականցման փուլում են, մշակվում է նոր ռազմավարություն՝ համատեղելով և ներառելով արդեն կատարված աշխատանքները, միջազգային փորձն ու հետազոտությունների արդյունքները:
Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը կարող է բարձրանալ՝ զարգացնելով նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատակիցների հմտություններն ու գիտելիքները: Նրանք ոչ միայն շահառուի խնդիրը լսողն են, այլև ունենալով զբաղվածության ծրագրերի հստակ բազա՝ հնարավորություն ունեն ուղղորդելու ճիշտ գործատուի մոտ:
Քննարկվել են նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի և նախարարության կողմից մշակվող ծրագրերը, որոնք քաղաքացու համար յուրատեսակ հարթակ են դառնալու՝ աշխատանք փնտրելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու առումով:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել համագործակցելու՝ իրականացվող բարեփոխումների շրջանակում, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել վերապատրաստումներ և ճանաչողական այցեր, նախարարության հետ կիսելով ոլորտում ունեցած իրենց լավագույն փորձը: