Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսի 25-ին Իջևանում կայացած առաջին Աշխատանքի տոնավաճառից հետո աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող զբաղվածության ակտիվ ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, դրանց լուծման հնարավոր ուղիները, զարգացման հեռանկարները և մարզում գործող այլ պետական և հասարակական կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցությունը՝ զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը բարելավելու տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մարզպետի տեղակալի գլխավորությամբ ստեղծելու աշխատանքային խումբ, որը մեկամսյա պարբերականությամբ կգումարի նիստեր՝ կազմակերպելու համար վերոնշյալ աշխատանքները:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում աշխատանքային տոնավաճառը կազմակերպվել էր ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ:
Նշենք, որ Տավուշի մարզում 2019թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 5.1 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80%-ը կամ 4.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.1%-ով:
Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 62.2%-ը կամ 2.5 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 23.8%-ը երիտասարդ է, 4.0%-ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 49.2%-ը՝ գյուղաբնակ: Մարզում տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 261 աշխատանք փնտրող անձ:
Իջևան քաղաքում 2019թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1641 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 1543: Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 94 անձ: