Երբ հստակ պատկերացնում ես ոլորտում առկա ռեսուրսները, խնդիրը դառնում է դրանց արդյունավետ օգտագործումը. Զարուհի Բաթոյան

0
217

«Հեղափոխությանն իմ մասնակցությունը զարմանալի չէր, գոնե՝ ինձ ճանաչող մարդկանց համար, որովհետև վերջին 10 տարիներին ես ակտիվորեն զբաղվել եմ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառական հասարակության ձևավորմանն ուղղված գործունեությամբ: Բացի այդ՝ շատ դժվար է անմասն մնալ սեփական երկրում տեղի ունեցող նման իրադարձություններից, որովհետև մեզանից յուրաքանչյուրն ուզում է փոփոխությունների մասը դառնալ»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հյուրընկալվելով Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի Հավասարության, Բազմազանության և Ներառականության (ՀԲՆ) քաղաքականության պատասխանատուների տարեկան հանդիպմանը:

Նախարարը ներկայացրել է իր անցած ուղին՝ հասարակական սեկտորում իրականացրած աշխատանքները, խոսել լրագրողական փորձառության մասին: Ըստ նրա՝ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական առանձնահատկության և հաջողության գրավականը դրա ներառականությունն էր:

Հանդիպման մասնակիցները հատկապես հետաքրքրված էին Հայաստանում կանանց տնտեսական և քաղաքական ներգրավվածության բարելավմանն ուղղված քայլերով, ինչպես նաև՝ Կառավարության միակ կին նախարարի պաշտոնավարման առանձնահատկություններով.«Չեմ կարող ասել, թե չափազանց բարդ է եղել նախարարի պաշտոնը ստանձնելը: Պատասխանատու՝ այո, միանշանակ, որովհետև մեր գերատեսչությունն աշխատում է ամենամեծ թվով քաղաքացիների հետ: Բարդ չէր, որովհետև գիտեի ոլորտը՝ հաշվի առնելով փորձառությունս թե՛ ՀԿ սեկտորում, թե՛ որպես փոխնախարար: Բայց համոզված եմ, որ փոփոխությունների իրականացման տեսանկյունից համակարգի ներսում լինելն ավելի արդյունավետ է, քանի որ հստակ պատկերացնում ես ոլորտում եղած ռեսուրսների ծավալը: Խնդիրը դառնում է միայն դրանց արդյունավետ և հասցեական օգտագործումը»,– ասել է նախարարը:

Նշենք, որ Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի Հավասարության, Բազմազանության և Ներառականության (ՀԲՆ) քաղաքականության պատասխանատուների տարեկան հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ՀԲՆ քաղաքականության  և սկզբունքների արդյունավետ կիրառումն ու ինտեգրումը կազմակերպության ծրագրերում, նախագծերում և միջոցառումներում։

Քննարկումներին մասնակցում էին Արևելյան Եվրոպայի շուրջ տասը երկրներից ժամանած փորձագետներ, որոնք ներկայացնում էին իրենց երկրներում ներառականության ու հավասարության քաղաքականության խրախուսման օրինակներ, այնպիսի ծրագրեր և նախագծեր, որոնք միավորում են տարբեր փորձառություն և ծագում ունեցող մարդկանց, այսպիսով հարստացնելով յուրաքանչյուրի փորձը, ինչն էլ կարող է խթանել ավելի ներառական հասարակության ձևավորումը։

Նախարար Զարուհի Բաթոյանի հետ հարցազրույցը վարել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։