Տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը նախարարության առաջնահերթություններից է. Զարուհի Բաթոյան

0
354

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պատրաստ է իր ունեցած բոլոր ռեսուրսները, կարողություններն ու փորձառությունն առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ և արագ իրականացնելու ուղղությամբ: Մեր ընկերությունը Կառավարությանն աջակցող մարդասիրական կառույց է, որի գործունեության առաջնահերթությունները շատ մոտ են ձեր ղեկավարած կառույցի ռազմավարությանը»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և նշել, որ բարձր է գնահատում ընկերության իրականացրած աշխատանքը հատկապես տարեցների տնային խնամքի, ծառայությունների ոլորտում.

«Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր ունեցած համագործակցության պահպանումը, այլև դրա հնարավոր ընդլայնումը, որովհետև մենք գնահատում ենք մեր գործընկեր կազմակերպությունների կուտակած լուրջ փորձառությունն ու գիտելիքները՝ իրենց գործունեության ոլորտներում, և համարում ենք, որ դրանք կարող են նաև շատ լավ մոդել դառնալ պետական համակարգի աշխատանքի համար: Մեր բոլոր ծրագրերի հիմքում դրված է իրավունքահեն մոտեցումը, և համայնքային ծառայությունների զարգացումն ու ներառական հասարակության ձևավորումը մեզ համար շատ կարևոր են: Այս համատեքստում հասարակական կազմակերպությունների կուտակած փորձը շատ գնահատելի է»,- ասել է նախարար Բաթոյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը նախարարության առաջնահերթություններից է: Օրերս հանրային քննարկման են ներկայացվել «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները»:

Նշենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականացնում սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնցից մեկը՝  «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրն առաջարկում է տարեցների խնամքի նոր մոդել: Այն մեկնարկել է 2016 թ. և իրականացվել Հայաստանի երկու մարզում՝ ընդգրկելով շուրջ 400 շահառուի: