ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն աշխատանքային այցով եղել է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամում, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 22 չափահաս անձի խնամք է իրականացվում: Նրանք ներգրավված են գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, նկարչության և այլ խմբակների աշխատանքներում։
Նախարարի առաջին տեղակալը շրջել է հաստատությունում, ծանոթացել պայմաններին, շահառուներին մատուցվող ծառայություններին:
Հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է հաստատության բնակիչների առօրյան, զբաղմունքները՝ կարևորելով յուրաքանչյուր շահառուի նկատմամբ անհատական մոտեցման ապահովումը․«Կարևորում ենք, որ խումբը բաղկացած լինի տարբեր խնդիրներ ունեցող անձանցից, որպեսզի փոխօգնության գաղափար ձևավորվի։ Նաև հստակ ընթացակարգ ու չափորոշիչներ ենք մշակել խումբ ընդունելու հետ կապված՝ հաշվի առնելով նրանց կարիքների գնահատումը, հիվանդությունները, ինչու չէ, նաև նախասիրությունները»։
Այնուհետև, գործընկերները քննարկել են համագործակցության հետագա քայլերը՝ հիմքում ունենալով շահառուի անհատական կարիքի գնահատումը և այն ծառայությունների մատուցման կարևորությունը, որոնք անհրաժեշտ են նման խնդիրներ ունեցող անձանց խնամքն իրականացնելու համար:
Երկուստեք կարևորել են ոչ միայն աշխատակիցների մասնագիտական ունակությունները, այլև մարդկային որակները, որոնց շնորհիվ հաստատությունում բնակվողները ստանում են ջերմություն ու սեր: