100-օրվան նվիրված մամուլի ասուլիս

0
69

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանի պաշտոնավարման 100-օրվան նվիրված մամուլի ասուլիսը: Նախարարը մանրամասնորեն, ըստ ենթաոլորտների ներկայացրեց անցած երեք ու կես ամսվա ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Մասնավորապես, ըստ նախարարի` Պետական կենսաթոշակների մասին 2002թ. նոյեմբերի 19-ին ընդունված օրենքը արդեն չի համապատասխանում արդի պայմաններին և հնարավոր չէ օրենքում զուտ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով հասնել ցանկալի խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ է ընդունել նոր օրենք, որում` ի տարբերություն նախկինի, շեշտադրվելու է կուտակային բաղադրիչը: Նախարարի պարզաբանմամբ, կենսաթոշակը ընկալվում է որպես անհատի աշխատած, բայց չվաստակած գումար, որը պետք է ապագայում նրան փոխհատուցվի: Այստեղ ըստ նրա, պետք է գործի արդարության սկզբունքը և զանազանվի բարձր և ցածր աշխատավարձ ստացած քաղաքացու կենսաթոշակը: “Եթե մենք ընդունում ենք, որ աշխատավարձի չափի հիմքում դրվում է աշխատանքի կարևորությունը, բարդությունը և աշխատուժի շուկայում առաջարկի կարևորությունը, ապա արդարացի չէ, որ տարբեր տեսակի աշխատանքներ կատարող և տարբեր չափով վարձատրվող մարդիկ հետագայում ստանան կենսաթոշակի նույն չափը”,-ընդգծեց նա:
Կենսաթոշակային բարեփոխումները հիմնված են երկու հիմնական սկզբունքի վրա` ապահովել կենսաթոշակների չափի բարձրացումը և արդարության կանոնի պահպանումը:

Ժողովրդագրության ոլորտի նոր ռազմավարություն

Նախարարության կողմից այս ոլորտում մշակվել է ռազմավարություն, որն արդեն ընդունվել է կառավարության կողմից: Ռազմավարության մեջ ընդգրկվել է արտագաղթի կանխումը, որը ներկայումս առավել քան կարևորվում է երկրի արտաքին և ներքին մարտահրավերների պարագայում: Արտագաղթը կանխելով` նախարարությունը մտադրություն ունի խրախուսել ծնելիությունը: Այս ուղղությամբ քաղաքականության մշակման արդյունքում փորձ է արվում գործազուրկներին գոնե ժամանակավորապես ապահովել աշխատանքով:

Նոր քաղաքականություն զբաղվածության ոլորտում

Զբաղվածության ոլորտում աշխատանքները հիմնականում ունեն հակաճգնաժամային բովանդակություն: Մասնավորապես, իրականացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների շուրջ 220 ծրագիր, որոնք ունեն ժամանակավոր բնույթ և ուղղված են ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելուն: Նախարարի տեղեկացմամբ` ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը վերահսկողություն է իրականացնում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ: Վարձատրվող հասարակական աշխատանքների ուղղությամբ այս տարվա պետբյուջեի միջոցները կազմել են 700 մլն դրամ, որոնց միջոցով, թերևս, ըստ նախարարի, հնարավոր չէ ապահովել զբաղվածության բնագավառի բոլոր խնդիրների լուծումը: Ուստի, նախարարությունը հոգալով այս խնդիրը, միաժամանակ փորձ է անում համագործակցել դոնոր կազմակերպությունների հետ` վերջիններիս ներգրավելով այս ոլորտի հիմնախնդիրների լուծման գործում:

Ընտանեկան նպաստից զրկվել է կեղծ փաստաթղթեր ներկայացրած շուրջ 17 հազար ընտանիք:

Ընտանեկան նպաստի համակարգի ոլորտը, նախարարի վստահեցմամբ, հաջողություններ է արձանագրել: Շուրջ 17 հազար ընտանիք է հայտնաբերվել, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ մուտք են գործել այս համակարգ` ոչ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելով իրենց եկամուտների մասին: Դադարեցվել են նրանց վճարվող նպաստները: Մշակվել և կառավարության կողմից հաստատվել է նաև ժամանակացույց, որ այդ ընտանիքներին ավել վճարված գումարները որոշակի պարբերականությամբ հետ գանձվեն: Արդեն շուրջ 32 հազարով կրճատվել են փաստագրման ներկայացրած դեպքերը: Այս փաստը նախարարը համարում է զգալի առաջընթաց ոլորտում: Այս պահին փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև պետական նպաստների մասին օրենքում և ձեռնարկվում են միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան վերացնել առկա բոլոր բացթողումները, հստակեցնել ընթացակարգերը և հնարավորինս բացառել նպաստի ստացման սուբյեկտիվ գործոնը:
Պարոն Պետրոսյանը նշեց, որ մեր երկրի քաղաքացիները սոցիալական խնդիրների չեն բախվելու նույնիսկ ճգնաժամային պայմաններում: Ըստ նրա, պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը հետամուտ եղավ այս խնդրին և միջոցներ ձեռնարկեց սոցիալական ոլորտը վտանգներից զերծ պահելու համար: 2009թ. համար նախատեսված ֆինանսական միջոցները չեն կրճատվել հաջորդ տարի այդ միջոցները հնարավոր է ավելանան: Ճգնաժամի հետևանքով չեն եղել նաև զանգվածային կրճատումներ: