2009թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը ստորագրեցին նամակ-համաձայնագիր` գրանցված գործազուրկների համար մի շարք մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ:
Հայաստանում գործազրկության մակարդակի աճը կանխելու և առկա աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ ունեցող որակյալ աշխատուժի պակասը լրացնելու նպատակով ՄԱԶԾ “Նախնական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում” ծրագիրը, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության հետ համատեղ, առաջ է քաշել գործազուրկների համար առկա աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով 2-3 ամսյա վերապատրաստումներ կազմակերպելու գաղափարը: ՄԱԶԾ-ն փոխհատուցելու է վերապատրաստման ծրագրերի իրականացման և վերահսկման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպիսիք են` յուրաքանչյուր մասնակցի վարձը, ճանապարհածախսը և այլն:
Դասընթացները նախատեսված են Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Երևանի թվով 173 գործազուրկների համար: Նրանցից 72-ի աշխատանքի տեղավորման հարցի շուրջն արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել համապատասխան գործատուների հետ: Մասնագիտությունների ցանկը համաձայնեցվել է “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության հետ և ներառում է արհեստագործական, սպասարկման, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները:
Հստակ գործնական բաղադրիչ կրող այս վերապատրաստման դասընթացները վարձատրվող հասարակական աշխատանքների, ընտանեկան և գործազրկության նպաստների հետ միասին առկա տնտեսական ճգնաժամին դիմակայելու արդյունավետ միջոցներից են:
“Չափազանց կարևոր է, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն անդրադառնում է խոցելի խմբերի հարցերին, որոնց շարքում են նաև գրանցված գործազուրկները և ես համոզված եմ, որ այս գործընկերությունը մոտ ապագայում կտա իր դրական և շոշափելի արդյունքները”,-նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը:
“Կարժում եմ, որ այս նախաձեռնությունը լավ նախադեպ կդառնա հետագայում նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար, որոնք մեծապես կարևորվում են ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում”,-նշեց պրն. Պետրոսյանը:
Այս ծրագիրը կարող է դիտարկվել որպես պատասխան գործողություն` ուղղված տնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցմանը: Այն նաև կարող է ծառայել որպես արդյունավետ փորձ` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող այլ մասնագիտություններ հետագայում վերապատրաստման դասընթացներում ներառելու համար:
Միջոցառման ավարտին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար պարոն Պետրոսյանը տիկին Վիդալին պարգևատրեց նախարարության հուշամեդալով: