«Պարալիմպիկ խաղերը և սպորտը եղել և մնում են հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հնարավորությունների մասին վկայող լավագույն ձևերից մեկը: Ցավոք, այսօր Հայաստանում և աշխարհում դեռևս կարծրատիպեր կոտրելու կարիք կա, և ձեր ներդրումը մեծ է այդ գործում»,- այս մասին ԱՄԷ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ողջունելով 2019 թ.-ի մարտի 14-21-ը Աբու Դաբիում տեղի ունեցած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե և արծաթե մեդալակիրներին:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից: Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մուհամեդ ԱլԶաաբը շնորհակալագրեր և նվերներ է հանձնել խաղերի մասնակիցներին և «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության մյուս անդամներին.
«Վստահեցնում եմ, որ մենք լիովին պատրաստ ենք համագործակցել նախարարության և հաշմանդամություն ունեցող անձանց միության հետ՝ մասնակցելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցմանը, նրանց տրամադրվող ծառայությունների զարգացմանը և հնարավորությունների ու հմտությունների ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բարձր գնահատել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առկա երկկողմ հարաբերությունների մակարդակը, և փաստել, որ այս հարաբերությունները հիմնված են համագործակցության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները և ստորագրված նոր հուշագրերը փաստում են հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին»,- նշել է դեսպան Մուհամեդ ԱլԶաաբը:
Նշենք, որ 14-21-ն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ընթացքում լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում` նվաճել արծաթե մեդալ: Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանն առաջինն է եզրագիծը հատել 100 մ վազք մրցաձևում, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր: