«ՀՀ Աշխատանքային օրենսգրքի առաջին հանրային քննարկումը բավականին ներկայացուցչական էր, ունեինք բազմաթիվ հարցեր, լրացումներ ու մտահոգություններ։ Այսօր փորձել ենք ներկայացուցչական ձևաչափ պահպանելուն զուգահեռ, նաև ունենալ մասնագիտական լսարան՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, հաշվապահներ, այսինքն՝ մասնագետներ, ովքեր առօրյայում առնչվում են Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, դրանց կիրառմանը և դրանցից բխող խնդիրներին կամ մտահոգություններին։ Ընդհանուր առմամբ, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները պայմանավորված են երկու հանգամանքով․ առաջինը՝ երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններն են, կոնվենցիաներն ու զանազան խարտիաները, մյուսը՝ իրավակիրառ պարակտիկայում ծագած խնդիրները»,- այս մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ երկրորդ հանրային քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։
Նշենք, որ հանրային քննարկումը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Օքսիջեն» կազմակերպության հետ համատեղ: Այն նպատակ ունի ներկայացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածներում նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, նաև՝ վերհանել աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով ներկայացնել կոնկրետ առաջարկներ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առկա բացերը և խնդրահարույց կողմերը՝ առաջարկելով լուծման արդյունավետ տարբերակներ․ «152 հոդվածում նախատեսվող փոփոխությունը միտված է նրան, որ ըստ սահմանման՝ ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա կեսի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան չորս ժամ հետո։ Հարց է առաջանում՝ «կեսի ավարտ» տերմինի հետ կապված։ Ասենք՝ անձն աշխատում է երեք ժամ՝ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով, այդ դեպքում նա պետք է ժամուկես հետո՞ ունենա ընդմիջում»։
Ժ․ Սարգսյանը նաև հիմնավորել է փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ հատկապես աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման, աշխատողների լրացուցիչ և հատուկ ընդմիջումների, ամենամյա արձակուրդի տրամադրման կարգի վերաբերյալ հոդվածներում և այլն։
Հանդիպման ընթացքում ներկաները հնչեցրել են աշխատանքային իրավունքների ոլորտային բարեփոխումներին ուղղված հարցեր, նաև հանդես եկել կոնկրետ առաջարկություններով ու դիտարկումներով։