Հուլիսի 18-ից առ այսօր աշխատանքի է տեղավորվել Իջևանի 28 բնակիչ

0
285

Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի և Տավուշի մարզպետարանի միջև համագործակցությունը նոր չէ, սակայն 2019-ին այն առավել ակտիվացավ:

2019թ. հունիսի 25-ին զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում Իջևանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցեց տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատու` ներկայացնեով 100-ից ավել աշխատատեղ: Տոնավաճառին աշխատանք փնտրողների մասնակցությունը ևս բավականին բաձր էր:

Հաշվի առնելով մարզի աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները՝   օգոստոսի 1-ին մարզպետի հրավերով  բնակչության զբաղվածության հարցերը համակարգող մարզային հանձնաժողովի նիստին մասնակցեցին նաև գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը և մարզում գործող զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրեները: Ե՛վ գործատուների և՛ աշխատանք փնտրողների տեսանկյունից  քննարկվեցին մարզի  աշխատաշուկայում առկա խնդիրները, բնակչությանը աշխատանքով ապահովելուն ուղղված նոր մեխանիզմների կիրառման անհրաժեշտության, ինչպես նաև մարզում իրականացվող զբաղվածության ծրագրերի հասցեականության բարձրացման, ծավալների մեծացման  հարցերը: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ մարզում լարվածությունը մեղմելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերի վերաբերյալ:

Արդյունքները չուշացան: Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Մարզպետարանի կողմից կենտրոն է ուղղորդվել 221 քաղաքացի, նրանցից 6-ը եղել է հաշվառված գործազուրկ, 5-ը հաշվառվել և ստացել է գործազուրկի կարգավիճակ, 7-ը՝ զբաղված քաղաքացի, ով ցանկացել է փոխել աշխատանքը: Քաղաքացիներից յուրաքանչյուրի հետ տարվել են անհատական աշխատանքներ, մասնավորապես գնահատվել են նրանց կարիքները, տրամադրվել է տեղեկատվություն և խորհրդատվություն՝ առկա թափուր աշխատատեղերի, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի և կենտրոնում հաշվառման ընթացակարգի վերաբերյալ:

Քաղաքացիներին տեղեկություն է տրամադրվել նաև տարածաշրջանում գործող ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների (բանկեր, միջազգային կազմակերպություններ) կողմից անցկացվող մրցույթների և դրանց դիմելու ընթացակարգերի վերաբերյալ:

Քաղաքացիներին՝ ըստ նրանց գնահատված կարիքների, առաջարկվել են աշխատատեղեր տնտեսության տարբեր ոլորտներում՝ պաշտպանություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն, առողջապահություն, կրթություն, սպասարկում, ինչպես նաև  տարածաշրջանում գործող բանկերում և միջազգային կազմակերպություններում: Առաջարկվող թափուր աշխատատեղերի  համար պահանջարկված մասնագիտությունների ցանկը լայն է. գինեգործ, ծրագրավորող, նախագծող ճարտարագետ, բժիշկ, ուսուցիչ, ադմինիստրատոր, պայմանագրային զինվորական ծառայող, խոհարար, պահեստի աշխատող, վարորդ, հողագործ, անասնապահ, շինարարության բանվոր և այլն:

Մարզպետարանի և զբաղվածության տարածքային կենտրոնի ինտենսիվ համագործակցության արդյունքում  2019թ. հուլիսի  18-ից առ այսօր Իջևանի  28 քաղաքացի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործատուների մոտ («Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ, «Քարարտ» ՓԲԸ , «Մեդիտեք» ՍՊԸ, «Վառմաշ» ՍՊԸ, «Ար պրոեկտ» ՍՊԸ, N զորամաս, «Շահբերի» ՍՊԸ) տեղավորվել է աշխատանքի, ևս 42–ը դիմել են մասնակցելու բանկերի, միջազգային կազմակերպությունների կողմից  առաջիկայում կայանալիք մրցույթներին: