««Սոցիալական աշխատանքի մասին» օրենքը պետք է լինի այն շրջանակային փաստաթուղթը, որը պարզ կդարձնի, թե ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական աշխատանքը Հայաստանում, ի՞նչ խնդիրներ այն պետք է լուծի, ինչպիսի՞ պահանջներ ենք դնում դրա նկատմամբ, և հետևաբար, ինչպե՞ս պետք է համատեղ աշխատենք, որպեսզի ունենանք անհրաժեշտ արդյունք։ Եվ այստեղ շատ կարևոր են անցումային դրույթները, որովհետև կարիք ունենք հասկանալու այն սկզբունքները, որոնք թույլ կտան գնալ դեպի ցանկալի տեսլական և ունենալ կարգավորումներ, որոնք պետք է գործեն որպես վերջնական ու հիմնական»,- այս մասին «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Հանդիպմանը քննարկվել են սոցիալական աշխատանքի սահմանմանը, սոցիալական աշխատողների հավաստագրման սկզբունքներին առնչվող խնդիրներն ու մտահոգությունները։ Մասնակից գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները հանդես են եկել սոցիալական աշխատանքի զարգացման հայեցակարգի վերաբերյալ առաջարկներով և դիտարկումներով, քննարկել «սոցիալական աշխատանք» հասկացության սահմանման առավել արդյունավետ տարբերակները։
«Որպես ոլորտի զարգացման հեռանկար՝ մենք պետք է պատկերացնենք՝ որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում, բայց միաժամանակ օրենքը պետք է լինի բավարար, որպեսզի ոլորտում աշխատող յուրաքանչյուր ոք կարողանա իրեն նույնականացնել տվյալ սահմանման հետ և դա չլինի խրթին, որպեսզի անորոշ չդարձնի մեր գործունեության շրջանակը։ Համամիտ եմ այն մտքին, որ պետք է ունենանք ելման կետ և դա սոցիալական աշխատանքի միջազգայնորեն ընդունված այն սահմանումները կլինեն, որոնք ճանաչելի ու հասկանալի կդարձնեն ոլորտը։ Մենք չենք խոսում սոցիալական աշխատանքի յուրահատուկ տիպի ստեղծման մասին, կարծում եմ՝ ինչ-որ մի օր կարող է գանք դրան, բայց այս պահին օրենքի մակարդակում դրա կարիքը չունենք»,- պարզաբանել է փոխնախարարը։
Քննարկման ընթացքում փոխնախարարը նաև ներկայացրել է սոցիալական աշխատողի հավաստագրման գործընթացի կարգը, համապատասխան հանձնաժողովի գործունեությանն առնչվող կետերը, կազմը և այլն։ Ներկաներին հետաքրքրել է, թե ինչպես պետք է կարգավորվի մասնագիտական կրթություն չունեցող, բայց ոլորտում տարիներ շարունակ աշխատանք ծավալող անձանց հավաստագիր տրամադրելու հարցը։ Ի պատասխան Ժ․ Անդրեասյանը նշել է, որ այս պարագայում մի կողմից՝ անհեթեթ է հավաստագրման պահանջ դնել, մյուս կողմից՝ դա պահանջում է փորձի ֆորմալ ճանաչման գործընթացը։ Որպես «ոսկե միջին», Ժաննա Անդրեասյանն առաջարկել է «անհրաժեշտ գործիքակազմը կիրառել անցումային դրույթներում, ճանաչել դաշտում տևական ժամանակ աշխատող անձանց փորձը, հմտություններն ու գիտելիքը, և այդ տեսանկյունից հավաստագրումն իրականացնել առանց բուհական դասընթացի ուղղորդման»։