Հանդիպում ՀՀ ԱՍՀ նախարարությունում

0
70

Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի պատասխանատու Սվեն Հոլդարին: Գոհունակություն հայտնելով թրաֆիկինգի դեմ պայքարի հարցում համագործակցության համար` նախարարը կարևորեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությունը, մասնավորապես` “Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնի” արդյունավետ գործունեության կազմակերպումը:
Շուրջ մեկ տարի առաջ ստեղծված կենտրոնն իրականացրել է համապատասխան կառույցների անձնակազմի կարողությունների հզորացում` վերապատրաստումների, դասընթացների միջոցով: Կատարել է անհրաժեշտ վերլուծություններ, իրազեկման աշխատանքներ, հավաքագրել է տեղեկատվություն թրաֆիկինգի զոհերի մասին, մասնակցել է դատավարություններին, իրավական փաստաթղթերի մշակման գործընթացին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2010թ. հուլիսից վերոնշյալ կենտրոնը փոխանցվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, կողմերը քննարկեցին կենտրոնի հետագա գործունեությունն ապահովող աշխատանքները: Խոսվեց նաև թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ քաղաքացիական ծառայողների համար դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
“Չափազանց կարևորում ենք թրաֆիկինգի դեպքերի կանխարգելումը և զոհերի պաշտպանությունը: Թրաֆիկինգը, որպես շահագործում, ուղղակի հակադրվում է ժողովրդավարությանը և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այդ չարիքի դեմ”-նշեց նախարարը: