Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:
Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են: Նրանք բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում («Վետերան» օթևան):
Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` կապված սննդի, հագուստի, կենցաղի հետ: Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ու պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար:
Նախատեսվում է, որ օրենքը կընդունվի և կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից:
Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ։