«Մենք կարևորում ենք մեր տարեցների բովանդակային զբաղվածությունն ու ժամանցը։ Ներկայումս մեր տուն-ինտերնատների թույլ կետը առողջ և ակտիվ ծերացմանը օժանդակող ծրագրերն են, իսկ նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս, որպեսզի մենք կարողանանք հետաքրքիր ժամանց, միջոցառումներ կազմակերպել մեր տարեցների համար»,- այս մասին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կազմակերպված գեղանկարների ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Bonheur Retrouve» («Վերագտնված երջանկություն») ասոցիացիայի նախաձեռնությամբ և ընդգրկել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի տարբեր տուն-ինտերնատների բնակիչների 60-ից ավելի աշխատանքներ։
«Ակնթարթ» խորագիրը կրող ցուցահանդեսը նպատակ է ունեցել տարեցներին հնարավորություն տալ գեղանկարների միջոցով արտահայտել իրենց պատկերացումները տարբեր թեմաների վերաբերյալ, նաև բարեկամական կապեր հաստատել տարբեր երկրների տուն-ինտերնատների բնակիչների միջև։
Նախատեսվում է նմանօրինակ ցուցահանդես անցկացնել նաև Վրաստանում, Ֆրանսիայում և Ճապոնիայում։