ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյան

0
112

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին:

“Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ ներկայացնելու “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից առաջադրված նախարարին: Մեր կոալիցիոն գործընկերները որոշում են կայացրել կատարել կադրային փոփոխություն: Պարոն Գրիգորյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկար ժամանակ աշխատել է դատական համակարգում: Համոզված եմ, որ նախարարության անձնակազմը կստեղծի այնպիսի միջավայր ու պայմաններ, որոնք կնպաստեն կարճ ժամանակում սահուն աշխատանքին անցնելուն: Մենք ևս պատրաստ ենք աջակցելու նախարարին` կառավարության կողմից ամրագրված սոցիալական ծրագրերի իրականացման գործընթացը նպատակային դարձնելու աշխատանքում”,- իր խոսքում նշեց  Վարչապետը:

Ողջունելով ներկաներին` պարոն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին,  ՀՀ վարչապետին և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը` վստահության և աջակցության համար:

“Ես պատրաստակամ եմ և վճռական: Անելու եմ հնարավորը` ոլորտում առկա խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալու համար: Սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է հասարակության տարբեր շերտերին, մասնավորապես` խոցելի խմբերին: Խոստանում եմ հավուր պատշաճի կատարել նախարարությանը վերապահված գործառույթները”,- նշեց նորանշանակ նախարարը: