«Հասարակական կազմակերպությունները լուրջ դերակատարում ունեն յուրաքանչյուր երկրում: Հասարակությունների կյանքում շատ կարևոր փոփոխությունների նախաձեռնողը և իրականացնողը հաճախ հենց հասարակական կազմակերպություններն են լինում, որոնց կուտակած փորձը պետական մարմինների համար անգնահատելի է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության շատ լավ փորձ ունի հայաստանյան ՀԿ-ների հետ: Մեր քաղաքացիներին մի շարք կարևոր ծառայությունների մատուցման գործը մենք պատվիրակել ենք հենց հասարակական կազմակերպություններին: Շատ ուրախ եմ, որ Արցախ կատարած այցս ամփոփում եմ հենց Ձեզ հետ քննարկմամբ»,- այս մասին Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Հանդիպմանը ներկա էին Արցախում գործող ավելի քան 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում՝ կանանց, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ներառականության և այլն:
Նախարար Բաթոյանը ծանոթացել է նրանցից յուրաքանչյուրի գործունեությանը, աշխատանքի ընթացքում հանդիպող խոչընդոտներին և քաղհասարակություն-պետություն գործակցության արցախյան փորձին:
«Հասարակական կազմակերպությունների դերը հատկապես անգնահատելի է սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության, նրանց ձայնը լսելի դարձնելու իմաստով: Հայաստանում գործող ՀԿ-ները բավականին ակտիվ են, և մեզ համար շատ կարևոր է մեր բոլոր նախաձեռնություններում նաև նրանց կարծիքը լսելու և հաշվի առնելու փորձը»,- ասել է նախարարը և համոզվածություն հայտնել, որ Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կդառնա պաշտոնական այցի լավագույն արդյունքներից մեկը: