ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շարունակվում են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի քննարկումները:
Նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի անդամները նախարարություն էին ներկայացրել օրենսգրքի երրորդ գլխի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները:
Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ նախորդ երկու հանդիպումների ընթացքում քննարկվել են օրենսգրքի փոփոխությունների հետ կապված և՛ բովանդակային, և՛ տեխնիկական, և՛ օրակարգային հարցեր:
Օրենսգրքի երրորդ բաժինն իր բովանդակությամբ ամենածավալունն է: Նախարարի տեղակալը մասնակիցներին առաջարկել է երկու քննարկում կազմակերպել՝ առավել արդյունավետ ու հիմնարար փաստաթուղթ ունենալու նպատակով:
Երրորդ բաժնի վերաբերյալ աշխատանքային խմբի անդամների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները եղել են աշխատանքային պայմանագրի գործողության կասեցման գործընթացների և լուծման առանձնահատկությունների, աշխատավարձի փոփոխությունների, փորձաշրջանի տևողության և սահմանման գործընթացի, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման հետ կապված խնդիրների և այլ հարցերի շուրջ:
Յուրաքանչյուր առաջարկ ու դիտարկում մանրամասն քննարկելուց հետո նախարարի տեղակալն հավաստել է, որ փոխհամաձայնության ձևաչափով իրականացվող քննարկումների նպատակն է մշակել և ունենալ այնպիսի Աշխատանքային օրենսգիրք, որը կլինի աշխատող-գործատու հարաբերությունների լիարժեք իրականացնողը: Այն կսահմանի և՛ աշխատողի, և՛ գործատուի լիիրավ իրավունքներն ու պարտականությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքային օրենսգրքի երրորդ բաժնի մյուս հոդվածների վերաբերյալ ևս գրավոր առաջարկներ ու դիտարկումներ ներկայացնել: