Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թ.-ի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը

0
239

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին»:

Ռազմավարությունը մշակվել է ի կատարումն Կառավարության միջոցառումների ծրագրի, և ապահովում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները։

Նախագծով սահմանվում են գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, որոնց նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ռազմավարության շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություններ.

1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:

2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում:

3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:

4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում:

5. Գենդերային խտրականության կանխարգելում:

Ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված գենդերային խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։