0
108

Երևանի Նորքի տուն-ինտերնատն ունի 230 բնակիչ: Նրանց մեջ գերակշռողը միայնակներն են, ընտանիքից մոռացվածները: Հոկտմբերի 1-ին տարեցների միջազգային օրվա առիթով Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի և նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեց նրանց: Տուն-ինտերնատի բնակիչները ջանք ու եռանդ չէին խնայել լավ տեսք ունենալու և ըստ արժանվույն ընդունելու իրենց պատվարժան հյուրերին: Տիկին Սարգսյանը բնակիչների ուղեկցությամբ շրջեց սենյակներն ու ծանոթացավ կենցաղային պայմաններին:

Օրվա հերոսներն իրենց այդքան էլ ծեր չէին համարում և գտնում էին, որ կարևորը հոգով երիտասարդ լինելն է: Ռիտա Սարգսյանի հրավիրած արտիստների երգի ու նվագի հնչյունները տոնական տրամադրություն ստեղծեցին նրանց համար:

“Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Ես ցանկանում եմ, որ այս օրը կոչվի նաև իմաստության օր, որովհետև տարեց մարդիկ իմաստության խորհրդանիշն են: Ասում են` մարդ ծեր է և երիտասարդ այնքանով, որքանով ինքն իրեն զգում է: Ցանկանում եմ, որ դուք միշտ Ձեզ երիտասարդ զգաք, միշտ հոգով առողջ լինեք: Թող որ այսօրվա ուրախ տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում”,-բարեմաղթեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն էլ օրվա խորհրդանիշը համարեց հոգու երիտասարդությունը. “Մենք պետության կողմից անում ենք առավելագույնը, որ ձեր ծերությունը լինի անհոգ: Ձեր խնդիրները պետությունը վերցնում է իր վրա և լուծում տալիս դրանց, տարեցների խնամքն ամբողջությամբ իրականացվում է պետության կողմից, որը լինելու է մշտապես: Շնորհավորում եմ, առողջություն, երկարակեցություն և անհոգ ծերություն եմ ցանկանում”:

Միջոցառման ընթացքում Նորքի տուն-ինտերնատի փոխտնօրեն Վանիկ Խոստիկյանը պարգևատրվեց ՀՀ ԱՍՀ նախարարության ոսկե մեդալով: Ըստ նրա` հաստատությունը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Հարկավոր է ունենալ նման կառույց, մեծահասակներին ու անապահով խավերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, խնամել ու պաշտպանել նրանց:

Թիվ 1 տուն ինտերնատի հյուրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: Այս հաստատությունում ևս ըստ արժանվույն էին նախապատրաստվել տոնին: Պարոն Ծառուկյանը շրջեց հիմնովին վերանորոգված մասնաշենքում, զրուցեց տարեցների հետ: Տոնական խնջույքի ընթացքում ելույթ ունեցան արվեստի սիրված գործիչներ: Պարոն Ծառուկյանը տուն-ինտերնատի բնակիչներին նվիրեց 50 սառնարան: