0
305

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանի մամլո ասուլիսը: Թեման` “Պետական օժանդակություն` զոհված զինծառայողների ընտանիքներին”:

Ըստ պարոն Ասատրյանի` Հայաաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը 2011թ. սեպտեմբերի 1-ից սահմանվել է 30000 դրամ` նախկին 10000  դրամի փոխարեն, որին լրացուցիչ ավելանում է 20000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար:

Փոփոխության է ենթարկվել նաև պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության վճարման կարգը, ըստ որի, այդ ընտանիքները գումարը ստանալու են առանձին դրամական օգնության կարգով և ոչ թե` ընտանեկան նպաստի համակարգից: Այսպիսով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունը աճում է մոտ 21 տոկոսով (օրինակ, 2 երեխա ունեցող զոհված զինծառայողի ընտանիքը, բացի աշխատանքային կենսաթոշակից, կստանա 70000 դրամ դրամական օգնություն` նախկին 38500 դրամի փոխարեն, իսկ երեխա չունեցող ընտանիքը կստանա 30000 դրամ` 23500 դրամի փոխարեն):

Սրան զուգահեռ պահպանվում է նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին անհատապես տրվող երկրորդ կենսաթոշակը` ամբողջությամբ: Ընդ որում, երկրորդ կենսաթոշակը, ընտանիքի անդամների ցանկությամբ, նույնպես կարող է համախմբվել դրամական օգնության մեջ, ինչի արդյունքում այդ գումարը ևս կավելանա մոտ 5 տոկոսով (օրինակ, երեխային տրվող երկրորդ կենսաթոշակը 28000 դրամից կդառնա 30000 դրամ, իսկ չափահաս անդամի երկրորդ կենսաթոշակը 21600 դրամից` 23000 դրամ): Այդ դեպքում, ամբողջ դրամական օգնությունը ընտանիքը կստանա միաժամանակ` նույն օրը, նույն աղբյուրից:

Նոր կարգով գումարները ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ պաշտպանության նախարարությունից կամ այլ լիազոր գերատեսչություններից վերցնել զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակը փաստող տեղեկանքը, և դա ներկայացնել սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ` դրամական օգնության նոր ցուցակներում ընդգրկվելու նպատակով:

Բացի այդ, խնայողությունների հաշվին 5000 դրամով ավելացել է նաև Հայրենական մեծ պատերազմին և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած մոտ 4000 անձանց տրվող դրամական օգնության չափը, ինչպես նաև 5000 դրամով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 2800 վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը` սահմանելով 25000 դրամ: Այս ավելացումները հնարավոր են դարձել ցուցակների ճշգրտմամբ` դրամական օգնության հասցեականությունը բարձրացնելու շնորհիվ:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ընթացող բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում մատուցվող ծառայությունների ինքնարժեքի իջեցման և պետական աջակցության հասցեականությունը բարձրացնելու շնորհիվ, առաջիկայում պետության սոցիալական աջակցությունը կմեծանա նաև սոցիալապես խոցելի այլ խմբերի համար:

SHARE
Previous article
Next article