0
119

ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը ներկայացրել է երեք հարց, որոնց մասին ընդունվել են հետևյալ որոշումները:

1. ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել “Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։ “Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ կոորդինացնելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին։ Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրն զգալիորեն կհաղթահարվի”, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 80 շրջանավարտների օրենսդրությամբ նախատեսված բնակելի մակերեսով ապահովման հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանն է հանձնել համապատասխան գույք, շինություններ և հատկացրել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։

2. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության Ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել տարեցների կյանքի որակը, ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, մասնավորապես` Ծերացման Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնառությունների պահանջներին, իսկ գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումները հիմք կհանդիսանան տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և իրականացման համար։

3. Կառավարությունն անդրադարձել է նաև Հայրենական մեծ պատերազմի  վետերանների խնդրին:

2012թ. Հայրենական մեծ պատերազմի 100 վետերանների հանգստի և վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է  12,000.0 հազար դրամ: Վետերանները 12-օրյա հանգիստ   և վերականգնողական բուժում կստանան Արզնի առողջարանում:

SHARE
Previous article
Next article