ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ելույթը՝ Իտալիայի կառավարության և Սոցիալական համախմբման եվրոպական հարթակի կողմից կազմակերպված «Ընտանիքը որպես սոցիալական քաղաքականության հանգույց» խորագրով համաժողովի ժամանակ։
«Հարգելի հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Նախարարների խորհրդի իտալական նախագահության Ընտանիքի քաղաքականության վարչությանը՝ այս միջոցառման գերազանց կազմակերպման և ջերմ ընդունելության համար:
Ինձ համար շատ հաճելի է ելույթ ունենալ Իտալիայի կառավարության և Սոցիալական համախմբման եվրոպական հարթակի կողմից կազմակերպված՝ «Ընտանիքը՝ որպես սոցիալական քաղաքականության հանգույց» խորագրով համաժողովին՝ բացման խոսքով: Նման կարևոր միջոցառումները թույլ են տալիս խորապես ուսումնասիրել, կենտրոնանալ գլոբալ կարևորություն ունեցող որոշակի թեմաների վրա, բացահայտել լավագույն փորձը, քաղված դասերը և գրանցված հաջողությունները: Նման միջոցառումները նաև արդյունավետ հարթակ են, որտեղ մենք որոշում ենք արագացնել մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Սա նաև հավելյալ հնարավորություն է հետագայի համար գործնական հետևություններ անելու համար:
Մենք ուրախ ենք նշել, որ այս միջոցառման հիմնական նպատակը Համաժողովի հիմնական թեմաների վերաբերյալ տարբեր շահեկիցներին իրենց փորձով կիսվելու և տեսակետներ փոխանակելու հնարավորություն ընձեռելն է: Այդ թեմաներն անդրադառնում են համընդհանուր մարտահրավերների և փոփոխությունների համատեքստում աշխատանք-կյանք հավասարակշռության պահպանմանը, տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված՝ ընտանիքների կողմից իրականացվող քայլերի խրախուսմանը, բոլոր տեսակի բռնությունների դեմ պայքարին՝ այդ թվում կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության, նրանց պաշտպանությանն ուղղված արդյունավետ քայլերին, ինչպես նաև մանկական աղքատության դեմ ուղղված արդյունավետ քայլերի և գործնական լուծումների վերաբերյալ քննարկումներին: Ես պետք է անվերապահորեն շեշտեմ, որ բոլոր չորս թեմաները Հայաստանի նոր կառավարության օրակարգի առաջնահերթություններից են:
Տիկնայք և պարոնայք,
Ես կցանկանայի կարճ ներկայացնել քննարկման ներկայացված թեմաների համատեքստում ընթացող բարեփոխումների և նախաձեռնությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փորձը:
Նախ և առաջ, ընդհանուր առմամբ կուզենայի շեշտել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտներում մարդակենտրոն մոտեցումներին ուղղված համընդհանուր ջանքերին, ազգային և համաշխարհային մակարդակներում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին, և ջանք չի խնայի այս նպատակներին հասնելու համար տարվող աշխատանքներին աջակցելիս:
Անցյալ տարի ապրիլին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 2019-2023 թվականների նախագահող: Ավելին՝ Հայաստանը ներկայացրել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2020-2022 թվականների համար, ինչը հստակորեն շեշտում է մեր երկրի հավատարմությունը մարդու համընդհանուր իրավունքների սկզբունքներին: Հայաստանը մարդու համընդհանուր իրավունքների և դրանց հավասարության, հակախտրականության և ոչ ընտրողական մոտեցումների ջատագով է: Հայաստանի կառավարությունը ահռելի կարևորություն է տալիս կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, օրենքների գերակայությանը և ժողովրդավարությանը, ինչը մարդու իրավունքների իրացման կարևորագույն գործոններից մեկն է: Մեզ համար ապահով և արժանապատիվ ընտանիքները, աշխատանքային համապատասխան միջավայրերի ստեղծումը հիմնաքարային նշանակություն ունեն տնտեսական աճի և երկրի ու հասարակության բարգավաճման համար:
Տիկնայք և պարոնայք,
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի կյանքում և քաղաքական համակարգում կարևոր փոփոխություններ տեղի ունեցան: Դա բերեց երկրում իշախանության փոփոխության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում արմատական փոփոխությունների, բարենպաստ մթնոլորտ ստեղծեց և նոր թափ հաղորդեց երկրում բարեփոխումներ իրականացնելու ջանքերին: Ամբողջ շարժման ընթացքում հայ ընտանիքները՝ այդ թվում կանայք և երիտասարդները, որոնք մասնակցում էին ցույցերին, խաղաղության պահապանների դեր կատարեցին և մեծ դեր ունեցան ժողովրդավարական այս շարժման ոչ բռնի բնույթի ապահովման և խաղաղ պայմաններում իշխանափոխության հաջողության գործում:
Հարգելի պատվիրակներ,
Իր անկախությունից ի վեր Հայաստանն աջակցել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու առաջխաղացմանը: Հայաստանը ստորագրել և վավերացրել է Մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր հիմնական միջազգային փաստաթղթերը, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց և կանանց հավասար վարձատրման մասին, Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին, Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիաները, ինչպես նաև վերջերս ստորագրել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան:
Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հասարակության զբաղվածության խրախուսումն է, աշխատանքային պայմանների բարելավումը և արժանապատիվ աշխատանքի ապահովումը: Ազգային օրենսդրությունը սահմանում է իրավունքների հավասարության գաղափարը բոլորի համար՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում, որը ներառում է տղամարդկանց և կանանց համար հավասար տնտեսական մասնակցության և զբաղվածության հնարավորությունների ստեղծում: Մեծ նշանակություն է տրվում անմրցունակ երիտասարդ մայրերի կողմից աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ստեղծմանը` գործատուների կողմից մասնագիտական վերապատրաստման և մենթորական ծրագրերի միջոցով:
Հայաստանը ձեռնարկում է բոլոր համապատասխան օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները` երեխայի իրավունքների պաշտպանության և խթանման համար: Այս տարի Հայաստանը կներկայացնի իր պարբերական զեկույցը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ և Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին արձանագրությունների վերաբերյալ:
2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը համահունչ է միջազգային չափանիշներին: Ներկայում աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ՝ օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու համար: «Սոցիալական աջակցության մասին» ազգային օրենքը կարգավորում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցությանն առնչվող հարցեր:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է համապարփակ կամ փոխլրացնող քաղաքականություն՝ կանխելու պտղի սեռի նախընտրության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ` համատեղելով օրենսդրական սահմանափակումները և հանրային իրազեկման նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրության շրջանում աղջիկ երեխաների արժեվորմանը, խտրականության հանգեցնող կարծրատիպերի փոխակերպմանը, այս փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ մարդկային կապիտալի և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:
Տիկնայք և պարոնայք,
Դժվար է թերագնահատել այս կարևոր իրադարձության ընթացքում քննարկվող հարցերի համամարդկային բնույթը և դրանց կարևորագույն նշանակությունը քաղաքակիրթ համաշխարհային հանրության համար: Միայն միջազգայնորեն ճանաչված նորմերի իրագործման և օժանդակության հարցում կառավարությունների ստանձնած պարտավորությունները և քաղաքական կամքը կարող են երաշխավորել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը աշխարհում:
Ես անհամբերությամբ սպասում եմ հետաքրքիր և արդյունավետ քննարկումների, և հույս ունեմ, որ այս միջոցառումը կգերազանցի իր հիմնական նպատակը և կդառնա հարթակ՝ մասնակից պետությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի միջև առկա գործընկերության ամրապնդման և նոր համագործակցության կառուցման համար, որոնք ուղղված կլինեն մեր ընդհանուր ցանկության իրականացմանը՝ բարելավելու եվրոպացի կանանց և տղամարդկանց բարեկեցությունը:
Շնորհակալություն»: