Մենք խրախուսում ենք աշխատելու ցանկությունը՝ չդադարեցնելով նպաստների վճարումը. Ժաննա Անդրեասյան

0
391

«Մենք շարունակաբար կատարում ենք փոփոխություններ, որոնք նպաստելու են Հայաստանում աղքատության փուլային հաղթահարմանը, կառավարության մոտեցումն այս հարցում հետևյալն է՝ սոցիալապես դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիներին պետության աջակցությունը պետք է լինի ոչ թե նպաստի տրամադրումը, որը էապես չի փոխում ընտանիքի, անհատի կյանքի որակը, ինչպես նաև հաճախ մղում է որոշակի պասիվության, այլ աշխատանքի խրախուսումը, պայմանների ստեղծումը, որոնք այդ մարդկանց համար կայուն եկամտի աղբյուր կապահովեն, և քաղաքացիներն ինքնուրույն կկարողանան հաղթահարել սոցիալական դժվարությունները», – Արարատի մարզում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ընդունված երեք կարևոր որոշում, որոնք ազդեցություն են ունենալու նպաստառու քաղաքացիների կյանքի վրա:

Որոշումներից մեկի համաձայն՝ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները՝ գործատուի կողմից տրված տեղեկանքի և սեզոնային աշխատանքային պայմանագրի պատճենի հիման վրա ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում:

Այս որոշմամբ սահմանվում է, որ գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող նպաստառուները չեն դադարի նպաստ ստանալ:

Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք են համարվում՝  նախացանքային աշխատանքները,  գարնան գյուղատնտեսական աշխատանքները,  բերքահավաքի, ինչպես նաև հետբերքահավաքի աշխատանքները:

Գործատուն քաղաքացու հետ պետք է կնքի սեզոնային աշխատանքի պայմանագիր՝ խուսափելու համար թյուրիմացություններից:

«Նախկինում, երբ աշխատանք չունեցող նպաստառուներին տեղեկացնում էինք աշխատատեղերի մասին, մտահոգություն էին հայտնում, որ այդ դեպքում կզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից: Այժմ մենք ոչ թե պատժելու ենք մարդկանց աշխատելու ցանկությունը՝ դադարեցնելով նպաստների վճարումը, այլ խրախուսելու ենք աշխատանքը՝ նպաստների վճարման համակարգում սեզոնային զբաղվածությունը չհամարելով եկամտի աղբյուր»,- ասել է փոխնախարարը:

Այս որոշումը մեկնաբանելիս՝   Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ նախատեսվում է այս ցանկին ապագայում ավելացնել ոչ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները ևս:

Նպաստի գնահատման համակարգում կարող են ընդգրկվել նաև այն ընտանիքները, որոնք չունեն որոշակի բնակության վայր և ընտանիքի բոլոր անդամները հաշվառված չեն բնակչության պետական ռեգիստրում: Այս դեպքում ընտանիքը գնահատման համակարգում հաշվառվում է տարածքային կենտրոնի հասցեով:

Այս փոփոխությունը հնարավորություն կտա պետական սոցիալական աջակցությունից օգտվել այն անձանց, ովքեր տարբեր պատճառներով չունեն որոշակի բնակության վայր կամ  հաճախ փոխում են այն:

Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում, դիմումի համաձայն, նոր բնակության վայրի տարածքային կենտրոնը մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով դիմողի հին բնակության վայրի տարածքային կենտրոն է ուղարկում դիմումի պատճենը, որի հիման վրա հին բնակության վայրի տարածքային կենտրոնը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է տվյալ ընտանիքի ստացած ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության մասին տեղեկանք՝ համաձայն N 8 ձևի:
Տվյալ փոփոխությունը կազատի քաղաքացիներին ավելորդ դժվարություններից, անձամբ նախկին բնակության վայր ներկայանալու անհրաժեշտությունից:

Որոշումներից բացի նախարարի տեղակալը ներկայացրել է նաև https://www.e-draft.am/ կայքում տեղադրված նոր նախագծերը, որոնք ևս ուղղված են թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը: