Մենք բաց ենք խոսելու մեր խնդիրների մասին, բայց անհրաժեշտ է լինել գործնական. Ժաննա Անդրեասյան

0
212

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում իրականացրել է 10 մարզային այցելություն՝ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ քննարկելով տարբեր մարզերում ապրող կանանց խնդիրները: Մարզային այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված գործնական առաջարկությունները քննարկելու նպատակով մարզպետարանների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպում էր կազմակերպվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մարզային այցերն եղել են հստակ ուղղվածությամբ՝ ծանոթանալ մարզում ապրող կնոջ խնդիրներին, սակայն քննարկումները ցույց են տվել, որ կանանց խնդիրները երբեք միայն նրանց խնդիրներ չեն. դրանց միջոցով հնարավոր է տեսնել մարզի ընդհանուր սոցիալական իրավիճակն ու խոցելիության թիրախները:

«Մարզերում վերհանված խնդիրներն, իհարկե, բազմաթիվ են և տարաբնույթ՝ սոցիալ-տնտեսական, կրթության իրավունքի իրացման, ինքնազբաղվածության պարագայում աշխատանքային իրավունքի ապահովման, համայնքային ենթակառուցվածքների բացակայության և առողջապահական: Արձանագրված խնդիրներն ու հարցերը տարբեր մարզերում ունեին տարբեր չափեր, սակայն բոլոր բնակավայրերում էլ դրանք սահմանափակում են մարդկանց ներուժի օգտագործումն ու հասարակական կյանքում լիարժեք գործունեության իրականացումը»,- մանրամասանել է նախարարի տեղակալը:

Հստակ շեշտադրելով առկա խնդիրները՝ փոխնախարարը հավելել է, որ դրանք ակնհայտ են, քանի որ տեղական իշխանությունների, կառույցների և բնակիչների միջև բացակայում է համագործակցությունը: Մարզերում իրականացվող ծրագրերի մասին հանրությունը գրեթե տեղեկացված չէ: Արդյունքում, համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում բնակիչներն ունենում են պասիվ մասնակցություն:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մարզպետարանների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ խոսել է նաև խնդիրների համատեղ լուծումների մասին:

«Վերհանված խնդիրներից ելնելով՝ խմբավորել ենք տարբեր ուղղվածության առաջարկություններ: Շատ կարևոր է պետական մարմինների փոխգործակցության մեխանիզմի կատարելագործումը: Մարզային այցելությունները, եթե ամրագրվեն որպես նախարարությունների և պետական մարմինների գործունեության պարտադիր ձևաչափ,  կարող են դառնալ տվյալ ոլորտի քաղաքականության մշակման այլընտրանքային գործիք: Դրանք պետք է լինեն համատեղ և պարբերաբար: Պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծելով ճկուն աշխատանքային խումբ՝ այցելության ընթացքում հնարավորություն կունենանք հասկանալու, թե այսօր գործող ոլորտային քաղաքականությունը ինչքանով է արտացոլում տեղային խնդիրները»,- նշել է փոխնախարարը:

Անդրադառնալով մյուս առաջարկություններին՝ կարևորել է նաև միջմարզային դրական փորձի փոխանակման հարթակների ստեղծումը: Մարզում իրականացվող գործընթացները որպեսզի դառնան ինստիտուցիոնալ մեխանիզմ, հարկավոր է ունենալ որոշակի հարթակներ, որոնք հնարավորություն կտան իրագործված դրական փորձը փոխանակել: Պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծվող հարթակը կարող է համախմբել մարդկային ռեսուրսները և պատրաստի լուծումներ ունենալ տարբեր մարզերում ի հայտ եկած խնդիրներին:

Առաջարկությունների շարքում էին նաև քաղաքացիների ընդունելությունների կազմակերպումը մարզերում, հանրային մասնակցության միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հասարակական և քաղաքական վերահսկողության ընդլայնումը, պետական և համայնքային ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն ու կենտրոնական և տեղական պետական կառույցների սերտ համագործակցությունը:

Ներկայացված առաջարկությունների, ընդհանուր մտահոգությունների մասին իրենց դիտարկումներն են ներկայացրել հանդիպման մասնակիցները: Մասնավորապես, խոսել են որդեգրման գործընթացի, ընտանեկան նպաստի նշանակման, սոցիալական աշխատողի դերակատարման և այդ ինստիտուտի զարգացման հարցերի շուրջ:

«Համոզված եմ, որ ներկաներից յուրաքանչյուրը, ունենալով աշխատանքի մեծ փորձառություն, վերհանված խնդիրների լուծման նոր առաջարկներ կարող է ներկայացնել: Այս տեսանկյունից մեր հանդիպումը շատ կարևոր եմ համարում: Մենք բաց ենք խոսելու մեր խնդիրների մասին, բայց անհրաժեշտ է լինել գործնական և գնալ լուծումներ գտնելու ճանապարհով»,- հանդիպման ավարտին նշել է Ժաննա Անդրեասյանը: