«Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ՝ արդեն որպես գործընկերների, որոնց հետ համատեղ կարևոր ծրագրերի իրականացման շեմին ենք: Մենք կարևորում ենք սոցիալական աջակցության ոլորտում հատկապես երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հզորացմանը և նրանց սոցիալական վիճակի կայունացմանը: Մենք համարում ենք, որ այս նպատակին ուղղված միջոցները ոչ թե ծախս են, այլ՝ ներդրում՝ հանուն այս ընտանիքների հզորացման: Այս իմաստով Ձեր կողմից իրականացվող ծրագրերը շատ համահունչ են մեր առաքելությանն ու տեսլականին»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «Էներգետիկայի հայկական գործակալության» պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Էներգետիկայի հայկական գործակալության» միջև կնքվել է հուշագիր, որի շրջանակներում առաջին ծրագիրն ուղղված է սահմանամերձ բնակավայրերի լեդիֆիկացիային: Առաջին կանգառը Տավուշի մարզի Սևքար գյուղն է:
«Մեզ համար շատ տեսանելի են սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչը հույս է ներշնչում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի սկսել և ավարտին հասցնել մեր բոլոր ծրագրերը: Մեր նպատակը մեր բոլոր համայնքների կայուն զարգացումն է: Ինչպես գիտեք՝ «Լուսավոր սահման» ծրագիրը, որն իրականացնելու ենք մոտ օրերս, կապված է սահմանամերձ գյուղերի լեդիֆիկացիայի՝ էներգախնայող լամպերի տրամադրման հետ: Հետագայում նախատեսում ենք նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ արևային կայանների և ջրատաքացուցիչների հետ կապված»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը:
Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման համար և հույս հայտնել, որ սոցիալական պատասխանատվության նման դրսևորումները շարունակական և օրինակելի կլինեն: