Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են «կիսիր և կավելանա» կարգախոսով. Փոխնախարարը մասնակցել է «Գթության խոհանոց» ծրագրի բացմանը

0
167

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն այցելել է գերմանական Կարմիր խաչի «Հուսո տուն» և մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի բացման միջոցառմանը:

«Որպես պետություն մեր պատասխանատվությունն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների սոցիալական խնդիրները լուծելը, օժանդակելը, որպեսզի նրանք սոցիալապես լիովին ներառվեն հասարակության մեջ: Այս գործում մեզ օգնում են նաև բարեսիրական կազմակերպությունները, որոնց ուզում եմ շնորհակալություն հայտնել, և շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են «կիսիր և կավելանա» կարգախոսով»,- բացման հանդիսավոր խոսքում նշել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թ.-ից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և սոցիալապես անապահով անձիք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների շուրջ 500 սոցիալապես խիստ անապահով բնակիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆը, Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության ղեկավար Ռուզաննա Զաքարյանը:

Միջոցառման ավարտին մասնակիցները տնկել են «բարեկամության ծառը»՝ ի նշան երկու երկրների և կազմակերպությունների միջև երկարամյա բարեկամության: