«Ամենակարևոր փաստաթուղթը, որի մասին կուզենայի նշել՝ որպես մեր համագործակցության արդյունք, «Զբաղվածության ոլորտի ռազմավարությունն» է, որն արդեն իսկ ուղարկել ենք Կառավարություն: Այս փաստաթուղթը մշակվել է մասնակցային և գործընկերային մթնոլորտում՝ մշակման գործընթացում ներգրավվելով միջազգային և սոցիալական գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարն ընդգծել է, որ Ազգային ժողովի և կառավարության գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականցվում նաև Աշխատանքային օրենսգրքի բարեփոփոխումների վերաբերյալ.
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորընտիր ղեկավարի հետ ևս ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում՝ տեսչության հզորացման ուղղությամբ: Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ, փորձում ենք հանրային իրազեկում ապահովել նաև այս ուղղությամբ, քանի որ հարցը դուրս է մեր նախարարության գործառույթներից, սակայն հստակ է, որ աշխատանքային իրավունքի իրացման հարցում տեսչական մարմնի դերակատարումը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ տեսչության գործառույթները պետք է ավելացվեն»,- ասել է նախարարը:
ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արեվելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան ևս կարևորել է տեսչության դերը և հիշեցրել, որ ԱՄԿ-ն հիմնադրվել է 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո՝ որպես խաղաղության և սոցիալական արդարության ձգտող մի կառույց, որի աշխատանքը միտված կլիներ նոր սոցիալական ճգնաժամերից խուսափելուն.
«Հենց այդ ժամանակ՝ 100 տարի առաջ, սահմանվել են մի շարք սկզբունքներ, որոնք այսօր մեզ այդքան բնական են թվում: Օրինակ՝ կականց և տղամարդկանց հավասար վարձատրության, 8 ժամանոց աշխատանքային օրվա, արհմիություններ ստեղծելու իրավունքի կամ գործադուլներ կազմակերպելու, երեխաների աշխատանքը բացառելու վերաբերյալ: Այդ ժամանակ սրանք հեղափոխական գաղափարներ էին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք գործող սկզբունքներ են մինչ օրս: Այդ սկզբունքներից էր նաև հատուկ տեսչական մարմնի գոյությունը և դրա իրավասությունը՝ պարբերաբար վերահսկելու աշխատանքային և առողջապահական նորմերի պահպանությունը աշխատավայրում»,- ասել է Օ. Կուլաևան:
Նա նշել է, որ ՀՀ նոր կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը մի շարք իրավական և գործառնական բարեփոխումներ է ենթադրում: Ըստ ԱՄԿ ներկայացուցչի՝ աշխատանքային իրավունքի ոլորտում մի շարք կարևոր խնդիրներ անհնար կլինի լուծել՝ առանց հատուկ տեսչական մարմնի գոյության:
Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ Վալենտին Մոկանուն ևս անդրադարձել է խնդրին և ընդգծել մի առանձնահատկություն, որը նկատել է Հայաստանում.
«Դուք այն բացառիկ երկրներից եք, որտեղ գործատուներն ու արհմիությունները պատրաստ են աջակցել կառավարությանը, որովհետև ունեն նույն պատկերացումներն ու տեսլականը: Ձեզ հաջողվել է շատ հստակ ներկայացնել այն իրողությունը, որ պաշտպանված աշխատանքային իրավունքը բոլորի հաղթանակն է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեսչական այս մարմնի այցելություններից հետո դեպքերի միայն 10 %-ն է ավարտվում տույժ–տուգանքներով, մյուս 90 % դեպքերում դրանք ավարտվում են առաջարկություններով: Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլորն են հասկանում, որ սա ոչ թե պատժիչ կառույց է, այլ՝ գործընկեր»,- ասել է փորձագետը: