«Գաղտնիք չէ, որ այս պահին գործող նպաստների համակարգը ձևավորվել է ավելի պասիվ վարքագիծ ունեցող անձանց համար, ովքեր՝ ստանալով որոշակի դրամական աջակցություն, օգտվել են նաև սոցիալական արտոնությունների փաթեթից: Այս համակարգը որևէ կերպ չի բացահայտել մարդուն և նրա ներուժը, չի խրախուսել հանդես գալ իր կյանքում տեղի ունեցող գործընթացներին՝ դառնալով ակտիվ քաղաքացի: Այս պահին իրագործվող փոփոխությունների միջոցով փորձում ենք ամրապնդել այն մոտեցումը, որ մենք ոչ թե պատժում, այլ խրախուսում ենք աշխատանքը»,- այս մասին ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա խոսել է համակարգի գաղափարախոսության մասին, այն է՝ աջակցություն ցուցաբերել իրապես դրա կարիքն ունեցող մարդուն և նպաստել նրա կյանքի որակի բարելավմանը:
Այս տարվա ընթացքում սեզոնային գյուղատնտեսական աշխատանքով զբաղված, ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված անձինք չեն զրկվել նպաստից, կրճատվել է թղթաբանության ծավալը նպաստառու ընտանիքի՝ այլ վայր տեղափոխվելու և հաշվառվելու հետ կապված, սահմանվել է մեխանիզմ, ըստ որի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք և ընտանիքները ստացել են ընտանեկան և սոցիալական նպաստ։
Ընթացիկ փոփոխություններն ընդգծելով՝ նախարարի տեղակալը կարևորել է դրանց իրազեկման խնդիրը.
«Բոլոր փոփոխությունները մնում են թղթի վրա, եթե դրանք չեն հասնում մարդուն: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է օգտագործել ակտիվ քաղաքացիների, հասարակական սեկտորի ներուժը՝ իրականացվող փոփոխությունները տարածելու այն մարդկանց շրջանում, ում համար դրանք արվում են»,- շեշտել է նա:
Անդրադառնալով ամենօրյա աշխատանքում ի հայտ եկած խնդիրներին, որոնք ներկայացրել էին քննարկման մասնակիցները, նախարարի տեղակալը նշել է, որ իրականացված փոփոխություններին զուգահեռ մշակվել են նաև նոր նախագծեր: Ըստ այդմ՝ հնարավորություն կտրվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս կշարունակեն նպաստ ստանալ, անասնապահությամբ զբաղվող ընտանիքներին կտրվեն կենդանիներ և այլ պարագաներ, օգտվել զբաղվածության ակտիվ ծրագրերից՝ խթանելով տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը:
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է ընտանեկան նպաստների համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը հավելելով՝ որ նախարարության առաջնահերթություններից է մարդուն տրամադրվող սոցիալական աջակցությունը տալ այն տեսքով, որ նա, հաղթահարելով դժվարությունները, իր ընտանիքի համար ստեղծի կայուն եկամտի աղբյուրներ.
«Իրականացված ընթացիկ փոփոխություններով փորձում ենք արմատավորել հիմնական ուղերձներն ու նախապատրաստել այն բովանդակային հիմքերը, որոնք բերելու են ընտանեկան նպաստների համակարգի լիարժեք գործարկմանը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: