Վաղուց ժամանակն է մեր կուտակած գիտելիքը և փորձը դարձնել պրակտիկ իրականություն և գործողություններ. Զարուհի Բաթոյան

0
269

«Ես համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար կուտակված գիտելիք և փորձ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է այս գիտելիքը և փորձը դարձնել պրակտիկ իրականություն և գործողություններ, որոնք իսկապես կփոխեն հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը»,- այս մասին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ միջազգային գիտաժողովի բացման խոսքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում երկու հիմնական ուղղություններով է աշխատել՝ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծառայությունները և վերանայել ծրագրերը: Ըստ նրա՝ գործընթացը շարունակական է.

«2020 թ համար ևս բավականին ընդլայնել ենք ծառայությունների շրջանակը,  բարելավել դրանց բովանդակությունը։ Մյուս ուղղությունը, որով մենք աշխատել ենք և ունենք բավականին կարևոր ձեռքբերում՝ օրենսդրությունն է։ Մենք մշակել ենք երկու օրինագիծ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին»»,- ասել է նա։

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում Հայաստանի և Ֆինլանդիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը երկու երկրներում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակոննենը նման հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս հուլիսին։

Այս նպատակով Հայաստան է հրավիրվել ֆիննական «Աբիլիս» հիմնադրամի ջատագովության համակարգող, միջազգային քաղաքականության և հաշմանդամության հարցերով փորձագետ Թոմաս Թուուրեն։

Բացման խոսքում նախարար Բաթոյանն ընդգծել է վերջին մեկ տարվա այն առաջընթացը, որը գրանցվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում. «Մենք պետք է հիմնովին փոխենք հաշմանդամության ճանաչման, կարիքների գնահատման հիման վրա տրամադրվող ծառայությունների բովանդակությունը, տրամաբանությունը։ Սա մեզ թույլ կտա անահատական կարիքի հիման վրա տրամադրել այն աջակցությունը և ծառայությունները, որոնք ուղղված են կյանքի որակի փոփոխմանը, հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը հասարակությունում, որոնք պետք է բերեն միջավայրային փոփոխությունների, զբաղվածության, կրթության հնարավորությունների ընդլայնմանը և այլն»,- ասել է նա։

Դեսպան Արյա Մակոննեն ընդգծել է այն հանձնառությունը, որ Ֆինլանդիան ստանձնել է տարբեր երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նպաստելու նպատակով։

Գիտաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և սոցիալական ձեռնարկատիրության իրավիճակը Հայաստանում և Ֆինլանդիայում։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները  բարձրաձայնել են հաշմանդամություն ունեցող կանանց մատուցվող ծառայությունների, ընդհանուր ծառայությունների մատչելիության վերաբերյալ հարցեր։ Բանախոսները նաև անդրադարձել են անկախ կյանքի իրավունքին, անձնական օգնականների համակարգի ներդրման անհարժեշտությանը։

Նշենք, որ գիտաժողովին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։