Հարգելի գործընկերներ,
Այսօր մենք տոնում ենք սոցիալական աշխատողի օրը: Դուք՝ ձեր աշխատանքով, կոչված եք աջակցելու նրանց, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում:
Ձեր աշխատանքը բարդ է, պատասխանատու, բայց նաև՝ անգնահատելի: Դուք առաջինն եք հայտնվում այնտեղ, որտեղ ձեր օգնության կարիքը կա: Ձեր աշխատանքը հաճախ նաև չափազանց ծանրաբեռնված է՝ այլոց հոգսերով և կարիքներով, բայց դուք նաև դրանց հաղթահարման բերկրանքը կիսողն եք:
Դուք ամեն օր աշխատում եք մեր հասարակության առավել խոցելի խմբերի հետ, փնտրում լուծումներ, գնահատում ռիսկեր: Այս ամենի համար պետք է ոչ միայն լուրջ մասնագիտական պատրաստվածություն, այլև մարդակենտրոն մոտեցում և առանձնահատուկ զգայունություն: Ձեր առաքելությունը մարդկանց կյանքը որակապես ավելի լավը դարձնելն է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու կայացումը, որովհետև ի դեմս Ձեզ մենք տեսնում ենք մեր առաջնային գործընկերներին: Մեր հայրենակիցների առջև ծառացած շատ խնդիրների լուծումը կախված է նաև Ձեր աշխատանքից:
Այդ նպատակին է ուղղված նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի զարգացումը, ինչը ոչ միայն կթեթևացնի մեր քաղաքացիների հոգսը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայությունները կենտրոնացնելով մեկ վայրում՝ մեկ պատուհանի սկզբունքով, այլև առավել համակարգված կդարձնի սոցիալական բոլոր ծառայությունների համագործակցությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական օրվա առթիվ և ցանկանում, որ երբեք չմոռանաք մի պարզ ճշմարտություն՝ ձեր աշխատանքն ուղղված է ամենակարևորին՝ մարդուն և նրա իրավունքների պաշտպանությանը:
Շնորհակալ եմ Ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքի համար: Հավաստիացնում եմ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անելու է ամեն բան, որպեսզի դուք ձեզ ավելի գնահատված և արժևորված զգաք: