Այժմ մենք պետք է դրսևորենք քաղաքական կամք և իրագործենք փոփոխությունները՝ հանուն մարդու, հանուն քաղաքացու. Նախարար

0
186

«Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Այս մասնագիտությունն ամենակարևորն է ժողովրդավարական-սոցիալական պետության կայացման համար: Հատուկ շնորհակալություն այն առաջամարտիկներին, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ կանխվել են բազմաթիվ խնդիրներ, առաջարկվել լուծումներ: Այս տարիների ընթացքում սոցիալական աշխատանքի ոլորտը զարգացել է ակադեմիական մակարդակում, բայց դեռ շատ անելիքներ կան այս գիտելիքները պրակտիկ դաշտ բերելու համար»,- այս մասին սոցիալական աշխատողի օրվան նվիրված գիտաժողովի ժամանակ ողջույնի խոսքում ասել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ արտերկրից:

Միջազգային գիտաժողովի բացման խոսքում  ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ իրենք սկսել են և շարունակելու են աշխատանքները, որպեսզի համալսարանը հասանելի դառնա բոլոր մարդկանց համար:

«Համալսարանում միշտ սովորել են ու սովորելու են մարդիկ, ովքեր սոցիալական աջակցության կարիք ունեն, սակայն նրանք ոչ միայն կարողացել են կրթություն ստանալ, այլև ծառայեցնել այդ կրթությունը սոցիալական իրավիճակը փոխելուն: Այդ մարդկանցից մեկն էլ նստած է իմ կողքին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը:

«Սա այն մասնագիտությունն է, որն ամբողջ կյանքում և անընդհատ կարող է առնչվել մեզ. մենք ամեն վայրկյան կարող ենք լինել ծառայություն մատուցող, հաջորդ վայրկյանին՝ ծառայություն ստացող»,- իր ելույթում շեշտել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյան:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյթենը:

Գիտաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի փորձով ներկաների հետ կիսվել է Մանչեստրի Մետրոպոլիտան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Բուխարեստի համալսարանի պատվավոր դոկտոր, Քինգսթոնի համալսարանի պրոֆեսոր Մալքոլմ Փեյնը: Պրոֆեսոր Փեյնը խոսել է արժանապատիվ սոցիալական պաշտպանության միջազգային օրակարգի մասին՝ նշելով. «Արժանապատվությունն ինձ համար տեսնելն է մարդուն՝ որպես անհատականություն, հարգելը նրա անձնական տարածքն ու կենսակերպը»:

Նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ՀՀ ԱՍՀ տեսլականը, անելիքներն ու ռազմավարության կարևոր ուղղությունները, որոնք միտված են զգալի փոփոխություններ բերել ոլորտին.

«Քննարկվող բոլոր խնդիրները պատճառն են նրա, որ մինչև այժմ մեր երկրում նպատակ չի դրվել սոցիալական հանրության կարիքների գնահատման, ըստ այդմ՝ աջակցման և ուժեղացման, այլ նպատակ է դրվել սոցիալական հանրույթի ղեկավարման՝ աջակցությունն օգտագործելով հայտնի նպատակներով: Այս է պատճառը, որ արդյունավետ համագործակցություն չենք ունեցել համալսարանների, մասնագետների հետ. այժմ մենք պետք է դրսևորենք քաղաքական կամք և իրագործենք այդ փոփոխությունները՝ հանուն մարդու, հանուն քաղաքացու»,- ասել է նա:

Նախարար Բաթոյանը եզրափակել է իր ելույթը՝ ներկայացնելով մոտեցումը, որով պետական աջակցությունը պետք է դառնա ոչ թե մարդու կյանքի անբաժանելի մասը, այլ լինի ժամանակավոր աջակցություն՝ մարդու արժանապատիվ կյանքի ճանապարհին: