ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի նիստում

0
109

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի հերթական նիստին մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:

Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.

ա/ “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”  ՀՀ օրենքի, “Վարչական իրավախաախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքի, “Աշխատանքի պետական տեսչության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծերի ներկայացում,

բ/ՙ”Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում,

գ/ “Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և “Նպատակային նշանակություն ունեցող դրամական օգնության մասին” ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացում,

դ/ Կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի մասին տեղեկատվություն,

ե/ նախարարի կողմից մանկատներ և տուն ինտերնատներ կատարած այցելությունների վերաբերյալ հաղորդում:

Օրակարգի առաջին հարցի` ՀՀ աշխատանքային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախարարը ներկայացրեց  իր դիտարկումները: ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005թ. հուլիսի 21-ին և ինչպես յուրաքանչյուր օրենք`  կիրառման ընթացքում  բացահայտվել են մի շարք թերություններ ու բացթողումներ: Շահագրգիռ  գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կողմից ստացված առաջարկությունների և դիտողությունների զգալի մասն ընդունվել և ներառվել է նախագիծ: Օրենսգրքում փոփոխություններ կատարելու գործընթացը միտում ունի գործատուի և աշխատողի շահերն ու իրավունքները պաշտպանել հավասարաչափ:

Մասնակիցների կողմից հիմնականում քննարկվեցին աշխատողների ու գործատուների հարաբերությունների, արհմիությունների դերի ու նշանակության, նվազագույն աշխատավարձի սահմանման, աշխատանքից ազատելու մասին ծանուցման հետ կապված խնդիրները:

Օրակարգի երկրորդ հարցը` “Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը: ՀՀ կառավարության կողմից վավերացված մի շարք միջազգային փաստաթղթեր հիմք են հանդիսացել ստեղծելու աշխատանքային խումբ, որը մշակված նախագիծը ներկայացրել է շահագրգիռ մարմիններ: Ստացված բազմաթիվ առաջարկություններն ու դիտողությունները կարճ ժամամակահատվածում կամփոփվեն և նախագիծը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ կառավարություն:

Հաջորդ` “Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և “Նպատակային նշանակություն ունեցող դրամական օգնության մասին” ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցը ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը: “Պետական նպաստների մասին” օրենքում հստակեցվել են տրամադրման ժամկետները:

Կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրեց ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյանը: Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված  ծրագիրը և գործողությունների ժամանակացույցը, բարեփոխումների փաթեթում ներառված հիմնական օրենքները:

Նիստի վերջում նախարարը կոլեգիայի անդամներին ներկայացրեց մանկատներ և տուն-ինտերնատներ այցելությունների վերաբերյալ տեղեկատվություն, մեկ անգամ ևս ընդգծելով, որ խնամքի հաստատությունների բնակիչները մշտապես գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: