Հանձնաժողովի նիստ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
79

Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական` 3-րդ նիստը: Օրակարգ կար չորս հարց. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի նախագծի քննարկում և հաստատում, “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին”, “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի քննարկում, “Հաշմանդամների սոցիալական պաշտպանության”, “Զբաղվածության պետական կարգավորման”, “Երեխայի իրավունքների պաշտպանության” 2011 թվականի տարեկան ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, այլ հարցեր:
Բացելով նիստը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Գրիգորյանը նշեց. “Համոզված եմ, որ սոցիալական գործընկերության նպատակների իրականացմանն ուղղված մեր ջանքերը միավորելով միայն հաջողության կհասնենք: Պետք է նպաստենք գործատուների և արհմիությունների ճյուղային և տարածքային մարմինների հզորացմանը”:
Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը: Նա ներկայացրեց գործողությունների տարեկան ծրագիրը` նշելով, որ այն աշխատանքային խմբի կողմից բազմիցս քննարկվել է, շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները ներառվել են: Տարեկան ծրագիրը հաստատվեց միաձայն:
Օրակարգի երկրորդ` ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյանի կողմից ներկայացվելուց հետո քվեարկությամբ տեղափոխվեց հաջորդ նիստ` ելնելով լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունից:
Սոցիալական պաշտպանության երեք ենթաոլորտների տարեկան ծրագրերն ընդունվեցին ի գիտություն:
Օրակարգի վերջին` այլ հարցերի շրջանակներում, մասնակիցների կողմից եղան առաջարկներ` նիստերի աշխատակարգերի, հարցերի նախապատրաստման, աշխատանքային խմբերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: