ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Անցումը դեպի աշխատաշուկա. առկա խնդիրները և համագործակցությանն ուղղված քայլեր» թեմայով քննարկում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման գործընթացում առկա խնդիրները, կազմակերպությունների կողմից այս ոլորտում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ հստակեցվել են հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտային հիմնախնդիրները, մասնագիտական որակավորում ու հմտություններ ունեցող անձանց՝ աշխատաշուկայում ներգրավվման խոչընդոտները, միջին տարիքի անձանց և մեծահասակների զբաղվածության հարցերը։
Քննարկմանը մասնակցել են Զբաղվածության պետական գործակալության, «Սեյվ դը չիլդրեն», «ՍՕՍ մանկական գյուղեր», «ՕքսիՋեն», «Կազա» կազմակերպությունների ներկայացուցիչները, Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները և այլն:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանը ներկայացրել է փորձարկման փուլում գտնվող մասնագիտական կողմնորոշման նորարարական մոդելը։ Նա կարևորել է միջին մասնագիտական կրթության արժևորումը, դպրոցներում տարբեր մասնագիտությունների մասին պատկերացումների ձևավորումը, նաև սոցիալական ենթակառուցվածքների ու համայնքահեն ծառայություններ տրամադրող կառույցների փոխգործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի ներկայացուցիչն անդրադարձել է երիտասարդների նախաձեռնած 9 ստարտափերին, որոնց շրջանակում 21 անձ մասնակցելով կյանքի և զբաղվածության հմտությունների դասընթացներին՝ ընդգրկվել է զբաղվածության և ինքնազբաղվածության ծրագրերում:
Քննարկման ավարտին մասնակիցները, կարևորելով Զբաղվածության պետական գործակալության դերը զբաղվածության ապահովման գործում, համագործակցության պատրաստակամություն են հայտնել ծրագրերի մշակման և դրանց հանրայնացման գործում։