Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնը:
Փառատոնին ներկա է եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի առաջին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:
Փառատոնն ուղղված էր երաժշտության միջոցով համախմբելուն և հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լսելի դարձնելուն՝ ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար:
Համերգին մասնակցում էին «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի, «ՍՈՐՍ» հիմնադրամի, «Հույսի կամուրջ», «Մայրիկ», Խարբերդի մասնագիտացված մանկատան և այլ հաստատությունների սաներ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, «Արեգնազան» կրթահամալիրի սաների և հայտնի երաժիշտների հետ:
Հաշմանդամություն ունեցող երեխաները համատեղ ելույթ են ունեցել հայտնի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանի, Միքայել Ոսկանյանի, Գոռ Սուջյանի, «ԳԱԹԱ» բենդ և «Լավ էլի» խմբերի հետ:
Փառատոնի մասնակիցները կարևորել են նմանատիպ միջոցառումները, որոնք արվեստի միջոցով ներառական են դարձնում հասարակության բոլոր շերտերը: