Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ

0
86

«Բոլոր չլուծված կոնֆլիկտներն անդրադառնում կանանց վրա՝ առաջ բերելով ծայրահեղ աղքատություն, խոչընդոտելով կանանց անվտանգության, առողջապահական, կրթական և այլ իրավունքների իրացումը։ Իսկ դրանց հանդեպ առավել խոցելի են հաշմանդամություն ունեցող և տարեց կանայք։ Ուստի այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պե­տա­կան մարմինների, կա­նանց տեղական և միջազգային հա­սա­րա­կա­կան կազմակերպություն­նե­րի համագործակցությունը և ապակենտրոն աշխատանքը հա­կա­մար­տութ­յուն­նե­րի կանխար­գել­ման, խաղաղաշինութ­յան և կար­գա­վոր­ման հար­ցե­րով»,- այս մասին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ ի թիվս այլ գերատեսչությունների՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հանձն է առել կատարելու անհրաժեշտ քայլեր՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար.

«Մենք ոչ միայն կարևորում ենք տնտե­սա­կան, սո­ցիա­լա­կան, կրթա­կան և այլ ոլորտնե­րում կա­նանց ներգ­րավ­վածության ապահովումը, նրանց տնտե­սա­կան կարո­ղութ­յուն­նե­րի ամ­րա­պնդումը, այլև առացքային ենք համարում  պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցությունը»,- ասել է նա։

Նշենք, որ համաժողովին, որը նվիրված է ՄԱԿ Անվտանգության Խորհրդի  1325 բանաձևին և վերաբերում է կանանց, խաղաղությանը և անվտանգությանը, մասնակցում էին հյուրեր Հայաստանից և Վրաստանից:

Քննարկման բանախոսներից Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծել է, որ  կանանց մասնակցությունը բանակցություններում հակամարտությունների շուրջ բարձրացնում է խաղաղության համաձայնագրերի երկարակացությունը.

«1989-2011 թվականների ժամանակահատվածի 82 համաձայնագրեր են ուսումնասիրվել  42 տարբեր հակամարտություններում: Այն խաղաղության համաձայնագրերը, որոնցում կանայք են ներգրավված եղել, շատ ավելի երկարակյաց են եղել և շատ ավելի մեծ արդյունքներ են գրանցել»,- շեշտել է նա:

Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա կարծիք է հայտնել, որ զինված հակամարտությունները շատ ավելի արագ կարող են լուծվել, եթե ավելի շատ կանայք ներգրավված լինեն տարբեր հարթակներում։

«25 տարի է՝ մենք ունենք բանակցային գործընթաց, որը տարբեր ուղղություններով ընթացել է, բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել։ Մենք նույն կետի վրա ենք, ինչ զինադադարի կնքման պահին։ Այս ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ, և 25 տարի՝ ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ զոհեր ենք ունենում 2 կողմից, այդ զոհերը մեզ 1սմ անգամ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը։ Եվ 2016 թվականին հակամարտող կողմերից մեկի մտքով անցավ, որ իրենք կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել և փորձել մի քանի օրվա ընթացքում լուծել հարցը և իրենց երազանքների կատարմանը հասնել։ Բայց այդ փորձն էլ ցույց տվեց, որ հրադարադրից 22 տարի անց իրենք ունեցան մոտ 1000 զոհ, մենք ունեցանք 100 զոհ, իսկ հակամարտությունը գտնվում է այն կետի վրա, ինչի վրա եղել է հրադադարի կնքման ժամանակ։ Այս հակամարտությունը կարող ենք ժառանգել մեր թոռներին, ծոռներին, իսկ մյուս տարբերակն այն է, որ հակամարտող կողմերի կանայք կոչ անեն դադարեցնել այս պրակտիկան, և ի վերջո, իսկապես նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք այսօր դրա համար ունենք բազմաթիվ լավ նախապայմաններ, միայն քաղաքական կամք է պետք։ Իմ ուղերձի նպատակն այն է, որ կանխվի հաջորդ զոհը»,- ասել է նա։

Նշենք, որ ՄԱԿ-ի 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների  2019-2021  թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը  Կառավարությունը հաստատել է 2019 թ.-ի փետրվարի 28-ին և այն Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար: