Հայ-իրանական համագործակցության նոր փուլ` աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում

0
103

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:

2005թ. հայկական պատվիրակության` Իրան կատարած այցի ժամանակ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի դրույթների իրագործումը կողմերը գնահատում են ոչ բավարար: Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում խնդիր է դրվել սերտացնել համագործակցությունը: Նախարարը կարևորեց այն փաստը, որ համագործակցությունն արդեն ընթացքի մեջ է, պետք է երկուստեք ջանքեր գործադրել` այն զարգացնելու նպատակով: Պարոն դեսպանը նախարարին մանրամասնորեն ներկայացրեց իր երկրի սոցիալական ապահովության ինստիտուտների, մասնավորապես` Աշխատանքի նախարարության և նրա ենթակայությամբ գործող Տեխնիկական և մասնագիտական ուսուցման կազմակերպության գործունեությունը: Վերջինս իրականացնում է միջնակարգ մասնագիտական ուսուցում և զբաղվում շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցերով: Նախարարը տեղեկացրեց, որ մեր երկրում ևս վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձվում նման հաստատություններին և առաջարկեց քննարկել    համագործակցության   հնարավորությունը հենց այս ոլորտում:

Պարոն Պետրոսյանը նշեց, որ նախարարության կողմից արդեն մշակվել է “Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին” նոր համաձայնագրի նախագիծ, որը կփոխանցվի իրանական կողմին` կարծիքներ և առաջարկություններ ստանալու նպատակով: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց  աջակցել տեղեկատվության փոխանակման գործընթացին: