Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով, գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ

0
71

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթին, որի նպատակն է բարձրացնել կենսաթոշակների ու խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  համապատասխան հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը, այն է՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին: Սակայն բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը խոչընդոտում է բանկի տարածքից դուրս խնդրո առարկա հայտարարությունը վերցնելու հնարավորությունը։

Ըստ այդմ, անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվո վճարների և այլ ծրագրերի վճարումներն անկանխիկ եղանակով կատարելը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով սահմանվում է կենսաթոշակի վճարման անկանխիկ եղանակը։ Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը.

  • կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին,
  • կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ,
  • բացառապես անկանխիկ եղանակով է վճարվելու կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան ու դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից,
  • հանվելու է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, խնամքի նպաստը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Առաջարկվող փոփոխությամբ սահմանվել է, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Ինչպես և կենսաթոշակների դեպքում, հստակեցվել է այն, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Հարկ է նշել, որ կենսաթոշակի ու խնամքի նպաստը լիազորագրով միայն կանխիկ եղանակով վճարելու պահանջը բխում է վճարման գործընթացի առանձնահատկություններից: Այսպես, եթե լիազորված անձը ևս կենսաթոշակառու է և ինքն իր հերթին լիազորում է այլ անձի ստանալու իր կենսաթոշակը, ապա ստացվում է, որ առաջին կենսաթոշակառուին կենսաթոշակը վճարվում է վերալիազորման կարգով տրված լիազորագրով, ինչն ուղղակիորեն հակասում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին:

Կենսաթոշակների անկանխիկ համակարգն անցնցում իրականացնելու համար, նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (2020թ. հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021թ. հունվարի 1-ից), 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: