Ազգային հանձնաժողովի հերթական նիստը

0
68

Հոկտեմբերի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության  աշխատակիցներ: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Գ. Պետրոսյանը:

Օրակարգում ներառված էր երկու հարց.

ա/ տեղեկատվություն Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի գործունեության /2009թ. մարտ-սեպտեմբեր/ մասին,

բ/ հաշմանդամների համար մատչելի պայմաններ ապահովելու գործընթացի մասին:

Օրակարգի առաջին հարցի մասին զեկուցեց ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջ. Բաղդասարյանը: Նա ներկայացրեց անցած յոթ ամիսների  ընթացքում  հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես` շրջակա միջավայրի մատչելիությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումները, “Հաշմանդամների իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման ուղղությամբ կատարված և այլ աշխատանքներ:

Օրակարգի երկրորդ հարցի վերբերյալ իր դիտարկումները ներկայացրեց “Ունիսոն” հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ դրական տեղաշարժեր են արձանագրվել իրավական դաշտում, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի հարցերում, սակայն տեղաշարժման դժվարություններ ունեցող հաշմանդամների կյանքում էական փոփոխությունները դեռևս նկատելի չեն: Պարոն Ալավերդյանն առաջարկեց ստեղծել մոնիթորինգային հաձնաժողով` ընդգրկելով հաշմանդամություն ունեցող անձանց,  խստացնել քաղաքաշինական նորմերը չպահպանող սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Նա նաև խնդրեց հաշմանդամների խնդիրները լուծելիս առաջնորդվել “Ոչինչ մեզ համար` առանց մեզ” կարգախոսով:

Բուռն քննարկումներ ծավալվեցին քաղաքաշինական նորմերի կիրառման, հասարակական նշանակության շինությունների մատչելիության ապահովման, ձայնային լուսակիրների տեղադրման, հասարակական տրանսպորտի հարմարեցման և բազմաթիվ այլ խնդիրների շուրջ:

Որոշվեց.

ա/ դիմել բոլոր մարզպետներին` հանձնաժողովի հաջորդ նիստին  ներկայացնել տեղեկատվություն շրջակա միջավայրի հարմարեցմանն ուղղված` տարվա ընթացքում իրենց մարզում կատարված աշխատանքների մասին,

բ/ հանձնարարել Հանձնաժողովի անդամներին` ներկայացնել իրենց գերատեսչության կամ կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները,

գ/ նախապատրաստել հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակի /նոյեմբեր-դեկտեմբեր/ միջոցառումների ծրագիրը:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա ս/թ դեկտեմբերին: