Նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
87

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Օրակարգում կար երկու հարց` “ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2011թ. բյուջետային հայտի մասին” և “ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության  2010թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների մասին”:

Օրակարգը հաստատվելուց հետո նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Է. Գևորգյանը մանրամասնորեն ներկայացրեց 2011թ. բյուջետային հայտ ներառված բոլոր ծախսային ծրագրերի գծով նախատեսված փոփոխություններն իրենց հիմնավորումներով:

Միջնաժամկետ ծախսային ծրագրով 2011թ. համար նախատեսված չափաքանակի նկատմամբ գումարն աճել է 1,522,166 դրամով` կապված ընտանեկան նպաստի չափերի, ծնելիության մակարդակի և դրանից բխող երեխաների խնամքի նպաստի , նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումների, նաև որոշ ծառայությունների և սննդատեսակների գների աճի, հայտ  ներառված նոր ծրագրերի հետ:

“Ունիսոն” հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ալավերդյանն առաջարկեց 2011թ. հաշմանդամների սայլակների ձեռքբերման գործընթացին մասնակից դարձնել նաև մարդկանց, ովքեր անմիջականորեն օգտվում են դրանցից: Առաջարկն ընդունվեց նախարարի կողմից:

2010թ. առաջին կիսամյակում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից իրականացված աշխատանքները ներկայացրեց գործակալության պետ Մ. Վանյանը:

Հանրապետությունում հաշվառված է 180898 հաշմանդամ:  Հաշվետու ժամանակաշրջանում փորձաքննվել է 38401 անձ, որից կրկնակի` 29150, առաջնակի` 9251, հաշմանդամ է ճանաչվել 37299 անձ: Պարոն Վանյանը հանգամանորեն ներկայացրեց համակարգի ձեռքբերումներն ու խնդիրները, պատասխանեց մասնակիցների հարցերին:

Կոլեգիան որոշեց.  հավանություն տալ ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսվելիք և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծախսային ծրագրերի գծով կազմված բյուջետային հայտին և այն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, երկրորդ հարցի վերաբերյալ` գործակալության պետ Մ. Վանյանի զեկուցումն ընդունել ի գիտություն, հանձնարարել պարոն Վանյանին` հիմք ընդունելով հնչած դիտողություններն ու առաջարկությունները` գործակալության աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ և թափանցիկ: