Օգոստոսի 3-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Բժշկասոցիալական փորձաքննութան իրականացման կարգը Հայաստանի Հանրապետությունում” թեմայով հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը` ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի օժանդակությամբ:
Օրակարգում ընդգրկված էր երեք հիմնական հարց` “ՀՀ ԲՍՓ գործակալության գործառույթները և հաշմանդամության խմբերի չափորոշիչները”, “Անձի վերականգնողական անհատական ծրագրի նշանակությունը հաշմանդամի վերականգնման գործընթացում” և “Անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելը”:
Բացման խոսքում ՀՀ ԲՍՓ գործակալության պետ Մ. Վանյանը ներկայացրեց հաշմանդամության ոլորտի վիճակագրական տվյալները, հաշմանդամություն առաջացնող հիմնական հիվանդությունների ցանկը, կարևորեց ոլորտում գործող հասարակական կազմակերպությւոնների հետ համագործակցությունը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց բժշկասոցիալական փորձաքննության ողջ գործընթացը:
Օրակարգի երկրորդ և երրորդ հարցերը ներկայացրեցին ՀՀ ԲՍՓ գործակալության վերականգնողական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Ղարիբյանը և մեթոդական օգնության վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Հայրապետյանը:
Քննարկման մասնակիցների կողմից եղան մեծ թվով հարցեր և առաջարկություններ:
Ամփոփելով քննարկումը պարոն Վանյանը վստահեցրեց, որ թափանցիկ աշխատաոճը շարունակվելու է և ակտիվ համագործակցության հրավիրեց բոլոր հասարակական կազմակերպություններին: