0
153

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրն հավանության է արժանացրել մի շարք օրինագծերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2013 թ. տարեկան ծրագրերի և միջոցառումների ցանկերի նախագծերը, որոնց շուրջ պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013թ. տարեկան ծրագրի նպատակը այդ անձանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծումն է: Ծրագրի խնդիրներից են հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը, խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը, կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը, ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում հաշվառված 176506 հաշմանդամություն ունեցող անձանց 68,5 տոկոսը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9 տոկոսը: Նույն ժամանակահատվածում “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 1204, իսկ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ` 1259 հաշմանդամություն ունեցող անձ: 2012թ. խորհրդատվություն է ստացել 1375, իրականցվող ծրագրերում ընդգրկվել` 134 հաշմանդամ: Այս տարի աշխատանքի է տեղավորվել 110 հաշմանդամություն ունեցող անձ: “Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն” ՊՈԱԿ-ն իրականացնում է Գյումրիի հաշմանդամություն ունեցող, աշխատանք փնտրող անձանց աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ: Տարվա ընթացքում ծառայություն է ստանում 720 հաշմանդամություն ունեցող անձ: Հատուկ կրթություն կազմակերպվել է 24 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 22-ը նախատեսված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, իսկ 2-ը` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաների համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է շուրջ 2700 երեխա: Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը /ներառյալ մասնաճյուղերը/ 2011-2012թթ. ուսումնական տարում շուրջ 2200 երեխայի հանրակրթությունը կազմակերպելու նպատակով նրանց կրթական կարիքներն է գնահատել: Մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ ու այլ ուսումնական նյութեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար: 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 8463,5 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 260 սայլակ, 659 լսողական սարք /այդ թվում` 135-ը եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /90/, 100 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:

2013թ. նույնպես ձեռնարկվելու են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ու նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Զբաղվածության կարգավորման ծրագիր

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատ կազմել է 108.0 տոկոս, իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011թ. հունվար-մայիսի համեմատ` 107.4 տոկոս: 2012թ. տնային տնտեսություններում /15-75 տարեկան անդամների պատասխաններ/ իրականացված ուսումնասիրության արդյունքում, նախնական տվյալներով, գործազրկության մակարդակը առաջին եռամսյակում` հաշվարկված աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ, կազմել է 20.9 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.7 տոկոսի փոխարեն:

2012թ. հուլիսի 1-ի դրությամբ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8 տոկոսով /88.3 հազար մարդ/, իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.8 տոկոսով /81.7 հազար մարդ/: Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 68.6 տոկոս /52.8 հազար մարդ/, երիտասարդների տեսակարար կշիռը` 24.4 տոկոս /18.8 հազար մարդ/: Աշխատանք փնտրողների 84.5 տոկոսը /65.1 հազար մարդ/ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.1 տոկոսով /74.1 հազար մարդ/, իսկ տարեսկզբի նկատմամբ` 6.2 տոկոսով /69.4 հազար մարդ/: Երկարատև գործազրկությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այդ կարգավիճակում գտնվող անձինք` կորցնելով աշխատանքային հմտությունները, աշխատաշուկայում դառնում են անմրցունակ: Այս խմբում մեծ թիվ են կազմում 50-ից /32.9 տոկոս/ բարձր տարիք ունեցողները և հաշմանդամները: Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը 2011թ. կազմել է 1592, որի 46.5 տոկոսից ավելին կրկնվող հայտերն են: 2012թ. 6 ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է 1710: Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են` աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, աշխատանքային ոչ բավարար պայմաններ, չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ, որոշ մարզերում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայություն: Եթե մայրաքաղաքում մեծ տոկոս է կազմում բանվորական և սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը /շուրջ 69.0 տոկոս/, ապա մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների և ուսուցիչների պահանջարկը:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5573 աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.2 տոկոսով /5641 մարդ/: Աշխատանքի տեղավորվածներից 3161-ը /56.9 տոկոսը/ կանայք են, 1662-ը` /29.8 տոկոսը/ երիտասարդներ: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են արդյունաբերության ոլորտում տեղավորվածները` 24.2 տոկոս, առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների ու անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտներում տեղավորվածները` 22.0 տոկոս և շինարարության ոլորտում տեղավորվածները` 10.1 տոկոս: Աշխատանքի տեղավորման հարցում լուրջ խնդիրներ ունեն երիտասարդները: Նրանք` չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, հաճախ մերժվում են գործատուի կողմից: Աշխատանք փնտրողների մեջ առաջին անգամ աշխատանք փնտրող անձինք կազմել են 15442 մարդ, որոնցից 2128-ը տվյալ տարվա շրջանավարտներ են:

2012թ. հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստանում 12654 մարդ կամ գործազուկների ընդհանուր թվաքանակի 19.5 տոկոսը: 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել են աշխատանք փնտրողների 19.7 տոկոսը: Տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 8100 գործազուրկ` նախորդ տարվա 12835-ի փոխարեն: “Մասնագիտական ուսուցման կազմակերպում” ծրագրում ընդգրկվել է 935 անձ /այդ թվում` 711 գործազուրկ, 60 հաշմանդամություն ունեցող անձ, 161 գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր համարվող աշխատանք փնտրող անձ, 3 երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող չզբաղված անձ/ նախատեսված 718 անձի փոխարեն, որը հնարավոր է դարձել բանակցային գործընթացների արդյունքում նախատեսված միջինից ցածր ֆինանսական միջոցներով պայմանագրերի կնքման շնորհիվ: “Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցության տրամադրում” ծրագրով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել հիմնականում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար և նախատեսված 60-ի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 97 անձ, որից 1-ը` հաշմանդամ: “Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին” ծրագրով նախատեսված 81-ի փոխարեն հաշվետու ժամանակահատվածում ընդգրկվել է 144 անձ, որից 65-ը` հաշմանդամ: “Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ” ծրագրով նախատեսված 25-ի փոխարեն հարմարեցվել է 8 աշխատատեղ: Ծրագիրը թերակատարվել է, քանի որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք լուծում պահանջող խնդիրներ, որոնք դժվարացնում են ծրագրի իրականացումը: “Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ” ծրագրով նախատեսված 110-ի փոխարեն աշխատանքային պրակտիկա է անցել 176 գործազուրկ:

2013թ. նույնպես ծրագրերը շարունակվելու են, և նախարարությունը զբաղվածության պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալում է` 1. տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10 տոկոսով, 2. զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 16.3 տոկոսով, 3. մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչև 50 տոկոսի աշխատանքի տեղավորում /ուսուցման դասընթացի ավարտից հետո` 3 ամսվա ընթացքում/, 4. աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 17 տոկոսով, 5. հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 7.5 տոկոսով, 6. հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 15 տոկոս, 7. զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 7.5 տոկոսով:

SHARE
Previous article
Next article