Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով:
Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա:
Քաղաքացին կարող է ինքնուրույն ընտրել այն բանկային կազմակերպությունը, որտեղից ցանկանում է ստանալ թաղման նպաստը: Բանկային կազմակերպությունների ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրվի ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում:
Ներկայումս թաղման նպաստի փոխանցման առավելագույն ժամկետը մեկ շաբաթն է, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նպաստի տրամադրման ժամկետը կրճատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև 1 աշխատանքային օր: