ԱԺ-ն ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

0
89

Հայաստանում կձևավորվի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, իսկ սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմինը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այս փոփոխությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն այսօր 112 կողմ ձայնով ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս ձևավորելու ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, որի տարածքային մարմինները տեղակայվելու են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում:

Միասնական գրասենյակը միավորելու է սոցիալական աջակցության, զբաղվածության և բժշկասոցիալական փորձաքննության մարմինները, ապահովելու է կազմակերպչական, աշխատանքների իրականացման տնտեսական հիմքերը, սոցիալական աշխատող-շահառու կապի, շփումների, համատեղ աշխատանքի հնարավորությունները: Այսպիսով կերաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:

Ներկայացված օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը: Որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին նշվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նշենք, որ նախատեսված բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ ապահովվել է սոցիալական աշխատողների կողմից կատարվող տունայցերի ֆինանսավորումը և դյուրակիր համակարգչային տեխնիկայի (պլանշետ) տրամադրումը, որն ապահովելու է տվյալների հավաքագրում իրական ժամանակի ռեժիմով, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային կապի միջոցով: