Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հանձնաժողովի նախագահ Ա. Ասատրյանը: Օրակարգի հարցերն էին` Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի 2013 թվականի աշխատանքային ծրագրի ներկայացում և հաստատում, Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից մոնիթորինգի խմբի ստեղծում, Երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016թթ ազգային ռազմավարության 2013 թվականի միջոցառումների ներկայացում և Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի, երևույթի առաջացման պատճառների, տարածվածության աստիճանի ուսումնասիրության, դրա դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակման նպատակով համապատասխան հետազոտություն իրականացնելու անհրաժեշտության քննարկում:
Ողջունելով նիստի մասնակիցներին` պարոն Ասատրյանը նշեց, որ ՀՀ վարչապետի որոշումով 2012թ. դեկտեմբերի 28-ին հաստատվել է Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Այնուհետև հանձնաժողովի նախագահը քվեարկության դրեց օրակարգը, որը հաստատելուց հետո պետական գերատեսչությունների (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, կրթության և գիտության, առողջապահության, մշակույթի նախարարություններ, ՀՀ ոստիկանություն) ներկայացուցիչները ներկայացրեցին 2013թ. աշխատանքային ծրագրի` իրենց գերատեսչությունների կողմից մշակված միջոցառումները: Հարկ է նշել, որ աշխատանքային պլանի յուրաքանչյուր կետը հանգամանորեն քննարկվում էր: Հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկությունների մի մասը ներառվեց ծրագիր, մյուսների վերաբերյալ հստակ հանձնարարություններ տրվեցին պատասխանատուներին:
Օրակարգի երկրորդ հարցը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից մոնիթորինգի խմբի ստեղծումն էր: Քննարկվեցին խմբի ձևավորման սկզբունքները, աշխատակարգը, հանձնարարական տրվեց թեկնածություններ առաջադրելու վերաբերյալ: Նշվեց, որ մոնիթորինգային խումբը մշտադիտարկում է անցկացնելու ծրագրի իրականացման ողջ ընթացքում` ներկայացնելով տարեկան հաշվետվություններ, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխություններ կատարել աշխատանքային պլանում:
Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերը, երևույթի առաջացման պատճառները, տարածվածության աստիճանը, դրա դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակման, ինչպես նաև համապատասխան հետազոտություն իրականացնելու անհրաժեշտությունը:
Վերջին նման հետազոտությունը կատարվել է 2007թ., ուստի նման ուսումնասիրության անհրաժեշտություն իրոք կա: Պարոն Ասատրյանը հանձնարարեց մշակել տեխնիկական բնութագիր և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը:
Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության, խնամքի, կրթության կազմակերպման, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: