Տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Ա. Ասատրյանը: Մասնակցում էին նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարարը ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց աշխատանքային կարգապահության բարձրացման անհրաժեշտության, գնումների գործընթացի հետևողական պատասխանատվության, կատարողականների գնահատման առավել հիմնավոր մոտեցման և ընթացիկ կարևորության մի շարք այլ խնդիրների վրա:
Գնումների գործընթացի կազմակերպմանն անդրադառնալով, նախարարը հորդորեց հետևողական պատասխանատվություն ցուցաբերել նշված գործընթացի կազմակերպման ուղղությամբ` ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով օրեր առաջ ՀՀ Նախագահի կողմից բարձրացված խնդիրների վրա:
Ընդունված կարգի համաձայն ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին ընթացիկ աշխատանքների վիճակը և առկա խնդիրները, որից հետո նախարարը տվեց մի շարք հանձնարարականներ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Գրիգորյանին` գնումների գործընթացի կազմակերպումն ու կանոնակարգումը հստակեցնելու, ինչպես նաև վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով միջոցներ ձեռնարկել համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման աշխատանքների ուղղությամբ:
- Նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Գրիգորյանին` միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումներից ստացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի վերլուծության և դրանք արդի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` հստակեցնել գնման ենթակա ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական բնութագրերը և ներկայացնել նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն:
- Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` կատարողականները գնահատելիս հանդես բերել առավել սկզբունքային, առարկայական, գնահատման անաչառ մոտեցումներ, հաշվի առնելով աշխատանքի որակը, կատարման ժամկետները, աշխատանքի կատարման ընթացքում հանդես բերած կատարողական ունակությունը, կարգապահությունը և այլ էական ցուցանիշներ:
- Նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Գրիգորյանին` հսկողություն սահմանել և պարբերաբար անդրադառնալ ստորաբաժանումների ղեկավարների կողմից ենթակաների նկատմամբ կատարողականի գնահատման գործընթացին:
- Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` լիարժեք տիրապետել իրենց ոլորտի աշխատանքային գործընթացներին` անմիջական մասնակցություն ցուցաբերելով դրա կազմակերպմանն ու իրականացմանը` արդյունքների համար կրելով անմիջական, անձնական պատասխանատվություն:
- Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` նախարարի հետ կազմակերպվող հանդիպումների ընթացքում քննարկելու նպատակով, ներկայացնել առաջարկություններ` ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, ինչպես նաև տվյալ ստորաբաժանման առկա պահանջներին համապատասխան կառուցվածքային փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին:
- Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` խստորեն հետևել իրենց աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանմանը:
- Աշխատակազմի քատուղարության պետ Գ.Հովհաննիսյանին` պետական մարմիններից ստացված` պատասխան ակնկալող փաստաթղթերի համար, համակարգում սահմանել նախնական վերջնաժամկետ` սահմանված հիմնական վերջնաժամկետին նախորդող 2 օրվա տարբերությամբ:
- Աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Ա.Կարոյանին` նախարարության աշխատանքի կանոնակարգմանն առնչվող ներքին իրավական ակտերի հիման վրա ստեղծել ռեեստր` ըստ ժամանակահատվածի և ոլորտների` անհրաժեշտության դեպքում համագործակցելով աշխատակազմի քարտուղարության և այլ ստորաբաժանումների հետ:
- ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա.Աբրահամյանին և նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Գ.Հովհաննիսյանին` ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և արտերկրից ստացված, ԱՊՀ անդամ երկրներում ու արտերկրում գտնվող, նախկինում ՀՀ-ում բնակվող քաղաքացիների աշխատանքային ստաժի և կենսաթոշակի հետ կապված հարցումներին ընթացք տալու համար մշակել պատասխան նամակի համապատասխան ձևանմուշ և ընթացակարգ:
- Նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա.Կեսոյանին` մշակել և ներկայացնել նախարարության ենթակայության տակ գտնվող տուն-ինտերնատների` ըստ տիպերի աշխատանքային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև անդրադառնալ Վարդենիսի տուն ինտերնատում (տուն ինտերնատներում) աշխատանքային թերապիայի կանոնակարգման հետ կապված գործընթացին:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լ.Ղազարյանին` մշակել և ներկայացնել նախարարության ենթակայության տակ գտնվող երեխաների խնամքի հաստատությունների` ըստ տիպերի աշխատանքային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծեր:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ.Բաղդասարյանին` ներկայացնել առաջարկություն ԲՍՓ գործակալության կողմից կատարվող աշխատանքներում համակարգային, սկզբունքային, արմատական և խորքային փոփոխություններ կատարելու համար նոր ձևաչափ մշակելու ուղղությամբ:
- ԱՍՀՆ Սոցիալական ապահովոււթյան պետական ծառայության պետ Ա.Աբրահամյանին և “Նորք” տվկ-ի տնօրեն Վ.Աբազյանին` ապահովել “Հաշվապահական հաշվառման վարման միասնական” ծրագրի փորձնական ներդրումը նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունում, անձնակազմի կառավարման և տնտեսական բաժիններում:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Գրիգորյանին` վերանայել նախարարության աշխատակիցներին տրամադրված ինտերնետ կապի չափաքանակները և ինտերնետ կապից օգտվելու հասանելիության սահմանները:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` երկշաբաթյա պարբերականությամբ անդրադառնալ իրենց ոլորտում ինտերնետային կայք էջի թարմացման խնդիրներին, սահմանել կայքի պատասխանատու և պատասխանատվություն կրել գործընթացի կարգավորման համար:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հ.Խաչատրյանին` համակարգել կայք էջի թարմացման և շահագործման գործընթացը:
- “Նորք” տվկ-ի տնօրեն Վ.Աբազյանին` ուսումնասիրել և կատարել վերլուծություններ աշխատակիցների կողմից ինտերնետ կապից օգտվելու վերաբերյալ և մեկամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել աշխատակազմի ղեկավարին:
Նշված հանձնարարականների կատարմանն անդրադարձ կկատարվի երկու շաբաթ հետո: